Շերը կոտրում է կարծրատիպերը՝ պահպանելով իր վառ կերպարը․ «TIME»
12 Օգոստոսի 2026, 15:50
«TIME» ամսագրում հրապարակվել է Design Matters փոդքասթի հաղորդավար Դեբի Միլմանի հոդվածը՝ «Ինչ են մեզ սովորեցնում 80-ն անց փոփ դիվաները լիարժեք կյանքով ապրելու մասին» վերնագրով։
Հեղինակը Շերի, Դոլլի Փարթոնի, Բարբրա Ստրեյզանդի և Դիոն Ուորվիքի օրինակներով անդրադարձել է մշակութային նշանակությունը պահպանելու և հասարակության կողմից պարտադրվող սպասումներին չհետևելու երևույթին։
Միլմանը նշել է, որ հասարակությունը սովորաբար տարեց կանանցից ակնկալում է համեստություն և ակտիվության նվազում։ Սակայն Շերն ամբողջությամբ կոտրել է այդ կարծրատիպերը՝ շարունակելով մնալ կենսուրախ, սադրիչ և հաջողակ։
Ավելին՝ նա իր, այսպես կոչված, թույլ կողմերը, օրինակ՝ հանրության կողմից հաճախ քննադատվող էքսցենտրիկությունն ու համարձակ կերպարը, վերածել է իր կարիերայի ուժեղ կողմերի։
«Իրական կյանքը սեփական կանոններով ապրելն է՝ առանց փորձելու ավելի փոքր, ավելի մեղմ դառնալ կամ կորցնել ինքդ քեզ»,- գրել է Միլմանը՝ ընդգծելով, որ հենց դրանում է Շերի ուժն ու յուրահատկությունը։