Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

14 Սեպտեմբերի 2026, 20:50

Քաղաքականություն

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարները ստորագրել են անկախության և տարածաշրջանների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հուշագիր։ Փաստաթուղթը հրապարակել է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP) X սոցիալական ցանցում։

Հուշագրում ընդգծվում է, որ երեք ազգերի «ապագան պատկանում է Եվրամիությանը», իսկ Միացյալ Թագավորության կառավարությունը չպետք է խոչընդոտի ժողովրդավարական գործընթացներին, որոնք բնակիչներին հնարավորություն կտան «ընտրել իրենց ապագան»։

Միացյալ Թագավորության վարչապետ Էնդրյու Բերնհեմի գրասենյակը բացառել է Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում հանրաքվեների անցկացման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ 2014 թվականին Շոտլանդիայում արդեն անցկացվել էր անկախության հանրաքվե, որի մասնակիցների 55,3 տոկոսը կողմ էր արտահայտվել Միացյալ Թագավորության կազմում մնալուն։

Երեք ազգային տարածաշրջանների առաջնորդների համատեղ նախաձեռնությունը կարևոր իրադարձություն է դարձել բրիտանական քաղաքականության մեջ։ Քարդիֆում անցկացված գագաթնաժողովին մասնակցել են առանցքային քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Ջոն Սուինին (SNP), Ռին ապ Յորվերթը (Plaid Cymru), Միշել Օ՛Նիլը (Sinn Féin), ինչպես նաև Իռլանդիայի ընդդիմության առաջնորդ Մերի Լու Մակդոնալդը։

Պատմության մեջ առաջին անգամ է, որ երեք տարածաշրջանների գործադիր իշխանությունները միաժամանակ ղեկավարում են քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար անկախության կամ Իռլանդիայի հետ վերամիավորման օգտին։

Հուշագրի առանցքային դրույթներից են Brexit-ի հետևանքների քննադատությունը և այն հայտարարությունը, որ «ազգերի ապագան պատկանում է Եվրամիությանը»։ Առաջնորդները հայտարարել են ԵՄ-ի հետ առևտրային, ներդրումային և մշակութային սերտ կապերը վերականգնելու իրենց ձգտման մասին, մերժել են Լոնդոնի տնտեսական մոդելը և կոչ արել այն փոխարինել սոցիալական արդարության վրա հիմնված համակարգով։

Փաստաթղթում Վեսթմինսթերին կոչ է արվում «չխոչընդոտել ժողովրդավարական գործընթացներին» և պատրաստվել սահմանադրական փոփոխությունների։

Հիմա եթերում