Սի Ծինփինն ու Պուտինը հանդիպել են Շենչժենում․ ՌԴ նախագահն իր հետ տարել է «միջուկային ճամպրուկը»
18 Նոյեմբերի 2026, 20:18
«Չին-ռուսական հարաբերությունները կայունություն և որոշակիություն են բերել անկայուն ու փոթորկալից աշխարհին»,- հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Նոյեմբերի 18-ին Սի Ծինփինը և նրա տիկինը՝ Փեն Լիյուանը, Շենչժենում ընդունելություն են կազմակերպել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ/APEC) տնտեսությունների ղեկավարների 33-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի պատվին։ Հատկանշական է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Չինաստան ժամանած Վլադիմիր Պուտինն իր հետ բերել է նաև հայտնի «միջուկային ճամպրուկը»։
Հանդիպման ընթացքում Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ այս տարի լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական գործընկերության ու համագործակցության հաստատման 30-ամյակը, ինչպես նաև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Նրա խոսքով՝ «երկկողմ հարաբերությունները ոչ միայն լեռան պես անսասան են, այլև ընձեռում են լայն և հեռանկարային հնարավորություններ»։
Սի Ծինփինը հորդորել է ապագային միտված քայլերում պահպանել նորարարության և առաջընթացի ոգին, շարունակաբար բացահայտել նոր դարաշրջանում չին-ռուսական հարաբերությունների ներուժը, որդեգրել գործնական մոտեցում համապարփակ համագործակցությունը խորացնելու համար և ամուր կերպով ստանձնել մեծ տերությունների պատասխանատվությունը։
Վլադիմիր Պուտինն իր հերթին ջերմորեն շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ Կենտկոմի հինգերորդ լիագումար նիստի հաջող ավարտի և Շենչժենում ԱԽՏՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ։ ՌԴ նախագահը նշել է, որ ընթացիկ տարում Սի Ծինփինի հետ ունեցել է չորս արդյունավետ հանդիպում, ինչը նպաստել է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի պահպանմանը։
Նրա խոսքով՝ կողմերը պահպանել են բարձր մակարդակի սերտ շփումները, երկկողմ առևտուրը հասել է նոր առավելագույն ցուցանիշի, զգալի առաջընթաց է գրանցվել կրթական ոլորտում, իսկ առանց վիզայի ռեժիմը մեծապես խթանել է երկու ժողովուրդների միջև շփումները։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է Չինաստանի հետ համատեղ առաջ մղել գլոբալ բազմաբևեռության գործընթացը, նպաստել կառավարման ավելի արդար ու ռացիոնալ համակարգի ստեղծմանը և նշանակալի դեր խաղալ միջազգային կայունության պահպանման գործում։