Սիմֆերոպոլում կբացվի Էմանուել Մահտեսյանի հուշարձանը

14 Մայիսի 2026, 21:18

Մշակույթ

Սիմֆերոպոլ քաղաքի հայկական գերեզմանատան տարածքում մայիսի 15-ին կկայանա ծովանկարիչ, Հովհաննես Այվազովսկու աշակերտ Էմանուել Մահտեսյանի հուշարձանի բացման արարողությունը։

Էմմանուել Մահտեսյանը նաև հանդիսանում է Սիմֆերոպոլի առաջին գեղարվեստական պատկերասրահի հիմնադիրը։

Մահտեսյանը ծնվել է Ղրիմի հայաշատ Արմյանսկի բազար (Արմյանսկ) քաղաքում: Սովորել է տեղի ծխական դպրոցում: Հովհաննես Այվազովսկու խորհրդով, որի հետ ազգակցական կապեր ուներ, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և 1878-1892 թթ. սովորել է որպես ազատ ունկնդիր: Ակադեմիան ավարտելուց հետո ստացել է ոչ դասական նկարչի կոչում: Երեք տարի ապրել է Թեոդոսիայում և աշխատել Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում: Վերջինս հաճախ իր նկարների կրկնօրինակումը վստահում էր Մահտեսյանին:

1895-ից նկարիչը մշտական բնակություն է հաստատել Սիմֆերոպոլում, այստեղ բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը:1901 թվականին բուժման նպատակով մեկնել է Եվրոպա և տարբեր քաղաքներում ներկայացրել է իր ստեղծագործությունները: Նույն տարվա աշնանը նա եղբոր հետ այցելել է Հայաստան, իր կտավներում անդրադարձել է հայկական թեմաների:

Էմանուել Մահտեսյանը Սիմֆերոպոլում բացել է ցուցասրահ, որտեղ ներկայացվել են իր և այլ նկարիչների գործերը: Ցավոք, նկարչի շատ աշխատանքներ ոչնչացել են Հայրենական պատերազմի տարիներին Սիմֆերոպոլի թանգարանից տարհանման ժամանակ: