Սիրիայի իշխանությունների և քրդերի ստորագրած համաձայնագրի հեռանկարները շատ մշուշոտ են. Ալեքսանդր Ասաֆով
13 Մարտի 2025, 21:30
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն պատճառները, թե ինչու են Սիրիայի քրդերը համագործակցության համաձայնագիր ստորագրել երկրի նոր իշխանությունների հետ:
«Քրդերը հասկանում են, որ այժմ չեն կարողանում դիմակայել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորմանը, և տեսնում են այն մեթոդները, որոնք Սիրիայի նոր իշխանությունները կիրառում են քաղաքական, էթնիկ, կրոնական հակառակորդների դեմ։ Ես նկատի ունեմ ալավիների կոտորածը, որը տեղի է ունեցել օրերս։ Այդ պատճառով քրդերը փորձում են ինչ-որ երաշխիքներ ստանալ, որ իրավիճակը չի կրկնվի՝ հաշվի առնելով, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման հետևում կանգնած են Թուրքիայի որոշ քաղաքական ուժեր, որոնք լուրջ տարաձայնություններ ունեն քրդերի հետ», — ընդգծել է Ասաֆովը։
Քաղաքագետի կարծիքով՝ քրդերի և Սիրիայի նոր իշխանությունների միջև պայմանավորվածությունները երկար չեն տևի, բայց այս փուլում դա թույլ է տալիս Սիրիայի քրդերին մարտավարական խնդիրներ լուծել:
«Ինչ-որ երաշխիքներ ստանալու հեռանկարը շատ տարօրինակ է թվում։ Եվ ես կարծում եմ, որ այդ համաձայնագրի երկար տևելու հեռանկարները շատ մշուշոտ են։ Այնուամենայնիվ, այս պահին դա լուծում է քրդերի՝ նոր իշխանությունից այդ նույն երաշխիքները ստանալու խնդիրը։ Չնայած հասկանալի է, որ այդ երաշխիքներն անկայուն են։ Կարծում եմ, որ այս հակամարտությունը կշարունակվի, բայց, հնարավոր է, այլ հարթություններում: Թեև հաշվի առնելով քրդական դիմադրության համար վերջերս տեղի ունեցածը, կարելի է ենթադրել բավականին բացասական ելք այդ պայմանավորվածությունների միակողմանի չեղարկումից հետո», — կարծում է քաղաքագետը։