Սիրիայում և Հալեպում հարաբերական և զգուշավոր խաղաղություն է տիրում․ Տարոն Տեր-Խաչատուրյան

27 Դեկտեմբերի 2024, 10:10

Կարծիք | Քաղաքականություն

Սիրիայի անցումային ղեկավարության հայտարարությունները, որ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվելու են, ճիշտ են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Տարոն Տեր-Խաչատուրյանը։

«Սիրիայում վերջին երեք շաբաթները բավական արագ ընթացան, այսօրվա տվյալներով ըմբոստների ղեկավարը՝ Ահմադ ալ-Շարաան հաստատված է Դամասկոսում։ Ընդհանրապես այսօր Սիրիայում հարաբերական և զգուշավոր խաղաղություն է տիրում։ Հայտարարությունները, որ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվելու են, ճիշտ են։ Անշուշտ մեզնից բացի այնտեղ կա նաև 700․000 մարդուց բաղկացած ալավի համայնքը, որը վերջին 50 տարին այնտեղ է ապրել և իշխող ղեկավարության հետ եղել է հաշտ։ Տա Աստված՝ Սիրիան մնա մեկ երկիր և հայությունը այնտեղ կարողանա իր ապահով կյանքը շարունակել»,- նշել է Տեր-Խաչատուրյանը։

Նա իր խոսքում ընդգծել է, որ Սիրիայի ներկա ղեկավարությունը հայտարարել է նոր Սահմանադրության մասին։

«Սիրիայում տեղի ունեցածում Թուրքիայի դերակատարությունը մեծ է։ Բայց այս ամենի մեջ կա նաև Իրանի, Ռուսաստանի դերը, ինչու ոչ, Արևմուտքի և Լիբանանում Հեզբոլլահի դերը ևս կա։ Լավ լուրն այն է, որ Սիրիայի անցումային ղեկավարությունը հայտարարել է, որ ցանկանում է նոր Սահմանադրություն մեջտեղ բերել, որտեղ բոլոր փոքրամասնությունների իրավունքները հարգված պետք է լինեն: Սիրիան բազմակրոն, բազմադավանանք, բազմացեղային երկիր է: Եվ եթե այդ նոր սահմանադրությունը ճիշտ ձևով չգրվի, երկիրը կարող է բաժանվել ու մասնատվել։ Մի կողմից քրդերի իրավունքները պաշտպանելը տարածաշրջանի իմաստով դրական ֆակտոր է, մյուս կողմից Սիրիայի տարանջատումը կարող է առաջացնել այլ երկրների տարանջատման և նոր քարտեզների սկզբնավորման»,- եզրափակել է Տեր-Խաչատուրյանը։