Սուրբ Հարության պատարագը՝ Պրահայում
02 Ապրիլի 2024, 00:19
Մարտի 31-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի հայության հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ։
Orer. eu-ի փոխանցմամբ՝ չեխահայության համար կրկնակի տոն է եղել, քանի որ առաջին անգամ պատարագի ընթացքում ելույթ է ունեցել նորաստեղծ հայկական երգչախումբը և արժանացել ներկա հավատացյալ հայության ջերմ ընդունելությանը։ Պատարագին ներկա են եղել հարյուրավոր հայորդիներ ոչ միայն Չեխիայի տարբեր քաղաքներից, այլև Ավստրիայից ու Գերմանիայից:
Հայր Բարսեղն իր քարոզի սկզբում շնորհակալություն է հայտնել երգչախմբի անդամներին և հույս հայտնել, որ մոտ ապագայում երգչախումբը կհամալրվի նոր երգիչներով։
Խոսելով Հարության տոնի խորհրդի մասին՝ Հայր Սուրբը շեշտել է, որ միայն Քրիստոսի հավատքն է, որ մինչ օրս զորավիգ է եղել հայ ժողովրդին։ Նա կոչ է արել լինել միասնական, հրաժարվել նախանձից ու չարությունից և հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին։