Սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Գրան պրիի հաղթող

03 Մայիսի 2026, 19:04

Սպորտ

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը փայլուն է հանդես եկել կանանց սուսերամարտի «Գրան պրի» շարքի մրցաշարում, որը կայացել է Հարավային Կորեայում։ Նա նվաճել է առաջին տեղը՝ բարձրանալով համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնական։

Մարզուհին վստահ է անցել մրցաշարային ամբողջ ճանապարհը․ նա մեկնարկել է ամերիկացի Ալեքսանդրա Լիի նկատմամբ ջախջախիչ հաղթանակով (15:4), ապա հաղթել է 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Մանոն Ապիտի-Բրյունեին՝ 15:11 հաշվով։

Իտալացի Կլաուդիա Ռոտիլիի դեմ լարված մենամարտում Եգորյանը հաղթել է 15:14 հաշվով, իսկ քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում հաջորդաբար առավելության է հասել իտալացի Մանուելա Սպիկաի (15:11) և իսպանացի Արաքելի Նավարոի (15:12) նկատմամբ։

Եզրափակչում Եգորյանը հանդիպել է ամերիկացի Մայա Չեմբերլենին և վստահ հաղթանակ տարել՝ 15:7 հաշվով։

Այսպիսով, Յանա Եգորյանը դարձել է Հարավային Կորեայում կայացած «Գրան Պրի» մրցաշարի հաղթող՝ ևս մեկ անգամ հաստատելով աշխարհի ուժեղագույն սուսերամարտիկներից մեկի իր կարգավիճակը։