Հայկական պանրի ներմուծման դադարեցումը ՌԴ-ում դեֆիցիտ չի առաջացնի․ «Սոյուզմոլոկո»

25 Հուլիսի 2026, 13:29

Տնտեսություն և Բիզնես

«Սոյուզմոլոկո»-ն գնահատել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների ազդեցությունը ՌԴ-ի վրա

Հայաստանից կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումները կրիտիկական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի ներքին շուկայի վրա։ Ներքին շուկան լիովին ապահովված է անհրաժեշտ կաթնամթերքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կաթ արտադրողների ազգային միությունից («Սոյուզմոլոկո»)։

«Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումները կրիտիկական ազդեցություն չեն ունենա ռուսական շուկայի վրա։ Ռուսական շուկան լիովին ապահովված է անհրաժեշտ կաթնամթերքով։ Հայաստանից ներմուծման սահմանափակումները չեն հանգեցնի տեսականու կրճատման կամ գների բարձրացման։ Խոշոր ներմուծողներն ու առևտրային ցանցերն արագորեն վերակողմնորոշվում են դեպի այլընտրանքային մատակարարներ, իսկ սեփական գյուղատնտեսության զարգացումն ու Բելառուսից գերիշխող մատակարարումները երաշխավորում են կայունությունը», -ասված է հաղորդագրության մեջ։

«Սոյուզմոլոկո»-ի տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանում կաթնամթերքի ինքնաբավության մակարդակը գերազանցել է 85%-ը։ Կաթնամթերքի հիմնական մատակարարը, որն ապահովում է ներմուծման շուրջ 90%-ը, Բելառուսի Հանրապետությունն է։

«Հայաստանի մասնաբաժինը ներմուծման ընդհանուր ծավալում աննշան էր, ուստի այս երկրից ներմուծման դադարեցումը խանութներում դեֆիցիտ չի առաջացնի», — նշել են միությունից։

Ինչ վերաբերում է տեսականուն, ապա ՀՀ-ից ՌԴ ներմուծվող կաթնամթերքի հիմնական մասը ավանդաբար բաժին է ընկնում պանիրներին (օրինակ՝ «Չանախ», «Լոռի» և «Սուլուգունի»)։

«Այս ապրանքատեսակների ներմուծումն արդեն իսկ ամբողջությամբ արգելված էր 2023 թվականի ապրիլի 5-ից, և միայն 2026 թվականի ապրիլին է «Ռոսսելխոզնադզոր»-ը մատակարարումների թույլտվություն տվել չորս ընկերության։ Հետևաբար, ընթացիկ որոշումը նոր արգելք չէ, այլ ավելի շուտ նախկինում սահմանված սահմանափակումների ճշգրտում», — հայտնել են «Սոյուզմոլոկո»-ից։