Սփյուռքի դերակատարության նվազումը՝ պառակտման քաղաքականության հետևանք․ Աբրահամյան
01 Մայիսի 2026, 22:40
Սփյուռքն այսօր ամբողջությամբ չի իրականացնում այն դերը, որը պետք է ունենար Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի կյանքի կազմակերպման գործում։ Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
Ըստ նրա՝ այս միտումը հատկապես նկատելի է դարձել 2018 թվականի իշխանափոխությունից հետո։
«Այս վարչախումբն, ըստ էության, եկել է պառակտելու ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև Սփյուռքը»,- ընդգծել է նա։
Աբրահամյանը հիշեցրել է, որ նախկինում, չնայած Սփյուռքի գաղափարական բազմազանությանը, հաջողվել է համախմբվել համազգային կարևոր հարցերի շուրջ։
«Մենք կարողացել ենք համագործակցել անգամ մեր գաղափարական հակառակորդների հետ, երբ խոսքը վերաբերում էր համազգային խնդիրներին»,- նշել է նա։
Մասիս Աբրահամյանի խոսքով՝ Նիդերլանդները երկար տարիներ եղել է Հայ դատի գործունեության կարևոր կենտրոններից մեկը, սակայն 2018 թվականից հետո սկսված «ուղղորդված պառակտման քաղաքականությունը» զգալիորեն թուլացրել է այդ աշխատանքների արդյունավետությունը։
Նա նաև քննադատել է Սփյուռքի գործերով հանձնակատարի գործունեությունը:
«Փոխանակ հանդիպելու այն կազմակերպությունների հետ, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են հայապահպանությամբ, նախընտրում են կապ հաստատել այլ շրջանակների հետ, ինչը ևս խորացնում է պառակտումը»,- ասել է Աբրահամյանը։