Սփյուռքում մարդիկ արձագանքում են այն ամենին, ինչ տեսնում են Երևանում, բայց Երևանը լուռ է․ Լևոն Բարոնյան
18 Նոյեմբերի 2023, 00:49
ԱՄՆ Սենատի կողմից ընդունված օրինագծի վավերացման դեպքում Բայդենը կզրկվի Ադրբեջանին ռազմական օժանդակություն տրամադրելու իրավունքից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Լևոն Բարոնյանը։
«Վերջին տարիների նախագահ Բայդենը, նախագահական հատուկ իրավունքներ գործադրելով, շրջանցում էր այն օրենքը՝ ըստ որի արգելվում էր Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։ Ճիշտ է, այդ օժանդակությունը չպետք է ուղված լիներ Հայաստանի դեմ, բայց ստանալուց հետո Ադրբեջանը ինքն էր որոշում՝ ինչպես պետք է օգտագործի իր ռեսուրսները։ Ստացվում է, եթե ԱՄՆ Սենատի կողմից ընդունված «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը վավերացվի, ապա նախագահ Բայդենը կզրկվի Ադրբեջանին ռազմական օժանդակություն տրամադրելու իրավունքից»,- ասաց Բարոնյանը։
Խոսելով Արցախի կորստից հետո Սփյուռքի լռության մասին՝ քաղաքական գործիչը նշեց․
«Սփյուռքում մարդիկ արձագանքում են այն ամենին, ինչ տեսնում են հայրենիքում։ Դժբաղտաբար, տեսանք, որ վերջին տարիներին Հայաստանը անտարբեր է դարձել Արցախի նկատմամբ։ Եվ Սփյուռքը, տեսնելով հատկապես Երևանի անտարբերությունը, մտածում է՝ ինչու պետք է մենք անենք այն, ինչ իրենք պիտի անեին»,- նշեց Բարոնյանը։