Սփյուռքը պետք է գործի և ասի՝ ոչ, Ադրբեջանի կազմում Ացախը չի հայտնվելու. Մուրադ Փափազյան

05 Հունիսի 2023, 13:03

Կարծիք

Ֆրանսիայում հունիսի 4-ին նշում էին Մայրության օրը, միևնույն ժամանակ, հայ համայնքը հավաք էր իրականացրել Փարիզի Տրոկադերո հրապարակում՝ հանուն Արցախի ինքնիշխանության և անվտանգության:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն իր ելույթում ընդգծել է, որ Արցախի բոլոր մայրերն իրենց 30.000 երեխաների հետ ավելի քան 6 ամիս է՝ ապօրինի կերպով ենթարկված են շրջափակման, իսկ միջազգային հանրությունը նույնիսկ իր ճկույթը չի շարժել դա կանխելու համար:

«Ալիևը կարող է հոխորտալ, Էրդողանը կարող է մտածել, որ պանթուրքիզմի իր ծրագիրն ի վերջո միս ու արյուն կստանա, քանի որ լիբերալ աշխարհն այսօր չի արձագանքում պանթուրքիզմի այսօրվա դրսևորմանը, որն աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում:

Իսկ Ադրբեջանը խաղաղության չի ձգտում, նա պարզապես այդ հնարավոր պայմանագրի ստորագրումից օգուտ է ուզում քաղել, որ իր թաթը դնի Արցախի վրա», — ընդգծել է Փափազյանն ու հավելել, որ միջազգային հանրության արձագանքների բացակայությունը կանաչ լույս է հայերին սպառնացող երկրորդ ցեղասպանության իրականացման համար: Սփյուռքը պետք է գործի և ասի՝ ոչ, Ադրբեջանի կազմում Ացախը չի հայտնվելու: