Ստախոս են այս մարդիկ, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը․ Բագրատ Սրբազան

10 Մայիսի 2024, 20:18

Քաղաքականություն

Կառավարությունն է ինքն իրեն ընդդիմադիր։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու նրանց ղեկավարը 2021թ-ին ոչ կուսակցական ծրագրով, ոչ բանավոր հանդիպումների ժամանակ, ոչ իրենց նախընտրական ծրագրում, ոչ կառավարության ծրագրում չեն արձանագրել բաներ, որ իրականացնում են հիմա։ Հակառակը՝ արձանագրել են գաղափարներ, որոնց լրիվ հակառակն են կատարել: Ձեռքը խոստացել է կտրել, մինչև հիմա չի կատարում։ Ստախոս են այս մարդիկ, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը։Հայաստանում կա մի հսկայական ընդդիմադիր հասարակություն և ինքնաընդդիմադիր, այսպես կոչված, կառավարարություն։ Ինքն իրեն ընդդիմադիր, քանի որ ինքն իր ծրագրերին հակառակ է խոսում»,- ասաց Բագրատ Սրբազանը․

Նա ընդգծեց, որ սուտն է քայքայել ամեն ինչ։

«Վերջին սոցհարցումներով՝ կառավարությունն ունի 7% վստահություն, խորհրդարանը՝ 8%։ Սա՞ է լեգիտիմությունը։ Սա ուղղակիորեն խաբեություն է, սուտ։ Հիշեք՝ մենք անընդհատ պիտի խոսենք իրենց սուտ խոսելու մասին։ Սուտը, որ քայքայել է ամեն ինչ։ Մենք պիտի խոսենք ճշմարտության հաղթանակի մասին»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Իսկ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բազմաթիվ ուսանողներ ևս միացել են շարժմանը։

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Նա նաև հայտնել է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։