Ստեփանակերտում տեղի ունեցողը վանդալիզմ է՝ ուղղված մարդկության պատմության դեմ․ Ալեքսանդր Չերեմին

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող, Ռուսաստանի և հարակից պետությունների պատմության փորձագետ Ալեքսանդր Չերեմինն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից եկեղեցիների ավերման վերաբերյալ տեղեկություններին։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ստեփանակերտում, վանդալիզմի ակտ է մարդկության պատմության դեմ։ Եվ, իհարկե, միայն բարբարոսները կարող են ոչնչացնել սրբավայրերը՝ Հայ առաքելական եկեղեցիներն ու Հայրենական մեծ պատերազմի հետ կապված այլ կառույցներ։

Ստացվում է, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, որն իրականում ոչնչացնում է մարդկության հիշողությունը, և դա հենց ցույց է տալիս Բաքվի իշխանությունների էությունը։

Միջազգային հանրությունն, իհարկե, պետք է ուշադրություն դարձնի արդեն բազմիցս կրկնվող այս փաստին։ Անհրաժեշտ է, որ ինչպես Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), այնպես էլ մյուս միջազգային կազմակերպությունները ուշադրություն դարձնեն այն բանին, թե ինչով է զբաղվում Ալիևի վարչակարգը բնիկ հայկական հողերում»,- ասել է Չերեմինը։