Փասադենայում կայացել է «Աստղերու հավատքով» գրքի շնորհանդեսը

17 Հոկտեմբերի 2023, 21:20

Մշակույթ

Pasadena Antique Warehouse-ում կայացել է Վիգեն Հովսեփյանի «ԱՍՏՂԵՐՈՒ ՀԱՎԱՏՔՈՎ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Վիգեն Հովսեփյանի բնորոշմամբ՝ ժողովածուի խորագիրը հավատքի արտահայտություն է. հավատք դեպի ընտանիք, հավատք առ ընկերություն և հատկապես՝ ազգ և հայրենիք:

Ըստ հեղինակի՝ ինքը երբեք չի հավակնել իր ստեղծագործությունները հրատարակել, բայց ընկերների հորդորով և խնդրանքով, որոշել է ժողովածուն ներկայացնել ընթերցողին:

Գրքի սրբագրիչ Ջորջ Ատուրյանը շատ բծախնդիր է մոտեցել ժողովածուի հավաքման աշխատանքին, ինչպես հեղինակը նշել է, «որ կարելի եղածին չափ նվազ «բռնաբարեմ» հայերենի կանոնները»:

«Սվինահար բանաստեղծ». այսպես է բնորոշել Վիգեն Հովսեփյանին Կոլումբիայի համալսարանի դասախոս և Կոնգրեսի գրադարանի աշխատակից Խաչիկ Մուրադյանը, որը Նյու-Յորքից հատուկ եկել էր շնորհանդեսին մասնակցելու համար:

«Իմ պոեզիայի ընթերցողները Հայաստանում ավելի շատ են, քան Սփյուռքում»: Ասում է՝ ուրախ է, որ հայաստանցիները ավելի շատ են քաջալերել իր արևմտահայերնը, քան՝ արևմտահայերը:

Նախատեսվում է նոյեմբերի երկրորդ կեսին «ԱՍՏՂԵՐԻ ՀԱՎԱՏՔՈՎ» գրքի շնորհանդեսը կազմակերպել նաև Երևանում: