Սյունիքի ճանապարհի բացումից հետո Ադրբեջանը կբարձրացնի «վերադարձի» հարցը․ Նարեկ Կարապետյան
30 Մայիսի 2026, 09:38
Կան հարյուրավոր փաստեր, որ Սյունիքի ճանապարհի բացվելուց հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական մոտիվը լինելու է «վերադարձի» հարցը։ Այս մասին Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այս կոնսեպցիայի մեջ շատ տարօրինակ բաներ կան։ Առաջինը իրենց համար առանձին ուժային կառույցներ ունենալու գաղափարն է։ Այսինքն՝ նրանք երկարաժամկետ ծրագիր ունեն, որ, ըստ նրանց, ՀՀ վերադարձող ադրբեջանցիները պետք է ունենան անվտանգային ուժեր։ Եվ մեր ողջ Սահմանադրությունը պետք է հասանելի լինի ադրբեջաներեն»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերադարձը պետք է լինի ոչ թե բոլոր համայնքներ, այլ այն վայրեր, որտեղ Ադրբեջանի կարծիքով իրենք ապրել են։
«Առաջինը «Զանգեզուրի տարածաշրջան»-ի մասին է խոսքը, այնուհետև Վարդենիսի և Մասիսի։ Ըստ կոնսեպցիայի՝ եթե թույլ չտրվի նրանց հետնորդների վերադարձը, դա կհամարվի ռասիզմ»,- ընդգծել է Կարապետյանը։