Թաիլանդի մայրաքաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով

26 Սեպտեմբերի 2026, 11:42

Միջազգային

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի իշխանությունները շաբաթ օրը աղետի ռեժիմ են հայտարարել քաղաքի բոլոր 50 շրջաններում՝ երեք օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով, հայտնում է AFP-ն։

Հինգշաբթի օրվանից Բանգկոկում տեղացել է գրեթե 300 մմ տեղատարափ անձրև։ Աղետի ռեժիմի հայտարարումը տեղական կառույցներին լրացուցիչ լիազորություններ է տալիս՝ հեղեղումների հետևանքների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար։

Անձրևները գրեթե չեն դադարել հինգշաբթի օրվանից։ Դրանց հետևանքով հեղեղվել են ճանապարհները, իսկ Բանգկոկի ջրանցքներում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Ջուրը սկսել է ներթափանցել նաև ջրանցքների հարևանությամբ գտնվող տներ և ռեստորաններ։