Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի

20 Հուլիսի 2026, 20:50

Կրթություն

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2026 թ. հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 93 երկրի 372 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:

Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել է նաև նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան)։