«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պետք է փրկի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը․ Մուրադ Փափազյան

24 Մայիսի 2024, 22:05

Քաղաքականություն

Այս իշխանությունները չեն պաշտպանել Հայաստանի շահերը։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Մենք զորավիգ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, իր քայլին, որովհետև սա սրբազան պայքար է, այս պայքարն անկախ է։ Այս պայքարը պետք է փրկի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը։ Այս շարժումը գնում է դեպի իշխանափոխության,որովհետև իշխանությունները չեն պաշտպանել Հայաստանի շահերը։ Այս շարժումը ազգային, մաքուր շարժում է»,- ասել է Փափազյանը։

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է շարժման առաջնորդի հետ ու կիսվել է իր տպավորություններով։

«Սրբազանին չէի ճանաչում, երեկ եմ ծանոթացել նրա հետ, բայց մինչ դա հետևում էի իր ճառերին, դիրքորոշումներին։ Սրբազանը կոչ է անում ազգային համերաշխությամբ, միասնականությամբ վերագտնենք ինքներս մեզ, Սփյուռք-Հայաստան միասնականությամբ՝ չմոռանալով Արցախն ու արցախցիներին։ Սա ճիշտ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հակառակն է։ Իսկ ինքը զատում է սևը սպիտակից, դրսի ու ներսի ժողովրդին, արցախցուն ու հայաստանցուն։ Մենք պետք է ազգային համերաշխությամբ, միասնականությամբ անենք ամեն ինչ, որ շարժումը հաջողի»,- ասել է Մուրադ Փափազյանը։