Թբիլիսին առաջարկում է հարթակ Երևան-Բաքու երկխոսության համար. Վրաստանի փոխարտգործնախարար

03 Մարտի 2024, 21:44

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի զարգացմամբ և իր հարևաններին առաջարկում է բանակցությունների իր հարթակը։

Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նրա խոսքով՝ «Թբիլիսիի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը, և վրացական կողմը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան, որից երկու կողմերն էլ կշահեն»։

Դարսալիան նաև նշել է, որ «Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի դժվարություններ, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում։ Այդ նպատակով Թբիլիսին նախկինում հանդես էր եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ և աջակցություն առաջարկել երկու երկրներին բանակցություններ վարելու հարցում»։

«Մեզ համար ակնհայտ է, որ մենք պետք է պահպանենք համագործակցությունը (նկատի ունի Հարավային Կովկասի երեք երկրները — խմբ.)՝ արտաքին խաղացողներին մեր ասպարեզ թույլ չտալու փոխարեն», — ասել է Դարսալիան։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։

«Մի քանի ամիս առաջ մենք թարմացրինք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ Մենք հավատում ենք, որ դա մեծ ներդրում կունենա տարածաշրջանում համագործակցության գործընթացում»,- ասել է նա։