Թբիլիսիում կայացել է Սայաթ-Նովային նվիրված 112-րդ «Վարդատոնը»

02 Հունիսի 2026, 21:29

Հայեր | Մշակույթ

2026 թվականի մայիսի 31-ին Թբիլիսիում կայացել է մեծանուն հայ աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»։

Սայաթ-Նովայի շիրիմ այցելելու և կարմիր վարդեր խոնարհելու 112-ամյա ավանդույթը մեկնարկել է տոնի հիմնադիրներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի նախկին թբիլիսյան բնակարանից։

Կարմիր վարդերով մասնակիցները քայլերթով անցել են Թբիլիսիի կենտրոնական փողոցներով։ Քայլերթն ավարտվել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Մասնակիցները կարմիր վարդեր են խոնարհել Սայաթ-Նովայի շիրիմին, որից հետո տոնական միջոցառումները, ավանդույթի համաձայն, շարունակվել են Վախթանգ Գորգասալիի անվան հրապարակում, որտեղ կայացել է բացօթյա համերգ՝ նվիրված մեծ աշուղի ստեղծագործական ժառանգությանը։

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Վիրահայերի Միության նախագահ Մարիամ Առաքելովան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկին, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին, Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին և Հայաստանի ու Վրաստանի գրողների միությունների անդամ Ռուզաննա Հովասափյանը։ Իրենց ելույթներում նրանք ընդգծել են «Վարդատոնի» նշանակությունը՝ հայ-վրացական մշակութային ժառանգության պահպանման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և մշակութային երկխոսության զարգացման գործում։

Համերգային ծրագրին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կատարողներ, համույթներ և ստեղծագործական խմբեր։ Համերգի գլխավոր ելույթներից մեկը Հայաստանի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբինն էր։ Արփիի և Վարդան Բադալյանի հետ միասին նվագախումբը ներկայացրել է Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։

Տոնական միջոցառման վարողներն են եղել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ Գլորիա Գևորգյանն ու Հենրիխ Պետրոսյանը։

«Վարդատոնի» ավանդույթը սկիզբ է առել 1914 թվականին։ Այն հիմնադրվել է հայ գրող Հովհաննես Թումանյանի, վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլիի և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ։ Ավելի քան մեկ դար շարունակ տոնի մասնակիցները կարմիր վարդեր են խոնարհում Սայաթ-Նովայի շիրիմին՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Այսօր «Վարդատոնը» հայ-վրացական բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության խորհրդանիշներից մեկն է։

Հիմա եթերում