Թբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը

03 Հոկտեմբերի 2026, 00:40

Մշակույթ

Հոկտեմբերի 8-ին, Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, Վրաստանի ազգային թանգարանի Դ. Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս — Փարիզ — Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:

Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ նախագծի հայեցակարգային բաղկացուցիչ մաս է հանդիսանում Երվանդ Քոչարի «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace): Ցուցադրությունում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, ինստալացիաներ, այլ մեդիաներ, որոնք բացահայտում են Մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու անսպառ ներուժը:

Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» նոր եռալեզու՝ հայերեն, վրացերեն, անգլերեն պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)՝ հարստացված վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներով և նորահայտ փաստագրական տվյալներով:

Ցուցահանդեսը բաց է լինելու այցելուների համար հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը:

Նախագիծն իրականացկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և հանդիսանում է «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, ՆՓԱԿ-ի և Վրաստանի ազգային թանգարանի համատեղ պատմական համագործակցության արդյունքը: