Թեհրանն ու Մոսկվան ընդլայնում են ռազմավարական գործընկերությունը

19 Հոկտեմբերի 2026, 18:00

Քաղաքականություն

Իրանն ու Ռուսաստանը հաստատել են ռազմավարական և տնտեսական համագործակցության հետևողական ընդլայնման ուղեգիծը։ Այս մասին Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ անցկացված բանակցություններից հետո հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Երկու երկրների արտգործնախարարները համակարծիք են, որ Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամը հնարավոր չէ կարգավորել ռազմական մեթոդներով, և հիմնախնդիրների լուծումը պետք է ընթանա բացառապես դիվանագիտական ճանապարհով։

Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ Նա ողջունել է Թեհրանի՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակով դիվանագիտությանը դիմելու մոտեցումը։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ առանցքային է վերադարձը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող նախաճգնաժամային իրավիճակին, ինչը ենթադրում է նավարկության ազատության վերականգնում և ագրեսիայի կրկնությունը բացառող հստակ երաշխիքների տրամադրում։

Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը կայուն աճ է գրանցում, և դրա հետագա ընդլայնման համար լուրջ խոչընդոտներ չկան։ Ռուսական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը Թեհրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում՝ տնտեսական, ներդրումային և ատոմային էներգետիկայի ոլորտներում։ Չնայած տարածաշրջանային բարդ իրադրությանը՝ ռուս մասնագետներն աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ատոմակայան՝ ընթացիկ աշխատանքները շարունակելու նպատակով։

Բացի այդ, կողմերը համագործակցության մեծ հեռանկարներ են տեսնում ածխաջրածինների ոլորտում։ Մոսկվան հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի վերջին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում։

Անդրադառնալով Հարավային Կովկասի զարգացումներին՝ Ռուսաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի հետ համագործակցությունը «3+3» տարածաշրջանային հարթակի առաջմղման հարցում․ «Մենք կարող ենք հավաքվել և համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման վերաբերյալ օգտակար քննարկում անցկացնել․ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը՝ իրենց հարևաններ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։