Թել Ավիվ-Վիեննա չվերթը ռումբի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Սոֆիայում

19 Հոկտեմբերի 2026, 11:31

Միջազգային

Ավստրիական «Austrian Airlines» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը հոկտեմբերի 18-ին Թել Ավիվից Վիեննա չվերթ էր իրականացնում, հարկադիր վայրէջք է կատարել Սոֆիայում։ Ավիաընկերությունը հաստատել է ռումբի սպառնալիքի մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ «ինքնաթիռը զննվում է»։ Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։

Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր իր սովորական երթուղով, երբ կտրուկ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Սոֆիայում։ Երեք ժամ անց այն մեկնել է Վիեննա՝ այնտեղ հասնելով հոկտեմբերի 19-ի գիշերը։

Լրատվամիջոցների, այդ թվում՝ բրիտանական Sky News-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռի՝ Բուլղարիայի օդային տարածքում գտնվելու ընթացքում ռումբի սպառնալիք է ստացվել։

Բուլղարիայի իշխանությունները հեռուստաալիքին հայտնել են, որ Սոֆիայում վայրէջք կատարելուց առաջ ինքնաթիռին ուղեկցել է Բուլղարիայի ռազմաօդային ուժերի կործանիչը։ Բոլոր ուղևորները դուրս են եկել ինքնաթիռից։