Տեղի է ունեցել Արամ Ա-ի և Լիբանանի նորակազմ կառավարության անդամ Նորա Պայրագտարեանի հանդիպումը

08 Փետրվարի 2025, 19:30

Քաղաքականություն

Այսօր՝ փետրվարի 8-ին, նախարարի պաշտոնի նշանակումից անմիջապես հետո, Անթիլիասի Մայրավանք է այցելել եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ հանդիպում ունեցել Լիբանանի Հանրապետության նորակազմ կառավարության երիտասարդության եւ մարմնակրթության նորանշանակ նախարար դոկտոր Նորա Պայրագտարեան։

«Դոկտ. Նորան, իբրեւ նախարար, իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը՝ իրեն վստահուած գործունէութեան սկսելէ առաջ։

Արամ Ա. Կաթողիկոս իր ուրախութիւնը յայտնեց ու ջերմօրէն շնորհաւորեց նախարարը եւ յաջող ու արդիւնաւէտ գործունէութիւն մաղթեց անոր։ Հայրապետը միաժամանակ վստահութիւն յայտնեց, որ ինչպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան եւ միջ-եկեղեցական շարժումին, նոյնպէս կառավարութեան աշխատանքներուն ան պիտի բերէ իր կարեւոր ներդրումը։

Յայտնենք, որ դոկտ. Նորա Պայրագտարեան իր համալսարանական ուսումը ստացած է լիբանանեան համալսարանին մէջ, իսկ դոկտորականի տիտղոսը՝ Սորպոնի (Ֆրանսա) համալսարանին մէջ։ Ներկայիս Դոկտ. Նորա միջազգային յարաբերութեան եւ օրէնքի դասախօս է ամերիկեան ու լիբանանեան համալսարաններուն մէջ։ Ան լիբանանեան համալսարանի դոկտորական բաժանմունքի քաղաքական գիտութեանց պատասխաանտուն է։ Նախարար Պայրագտարեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան եւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի անդամ է։ Եղած է նաեւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (World Council of Churches) կեդրոնական վարչութեան անդամ, իսկ ներկայիս ատենապետն է յիշեալ խորհուրդի միջազգային հարցերու յանձնաժողովին»,- նշված է հաղորդագրությունում։