Տիգրանաշենը չենք հանձնի, իսկ առանց ռազմաբազայի անտեր կմնանք. Սամվել Կարապետյան

11 Սեպտեմբերի 2026, 16:16

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Տիգրանաշենի կարգավիճակին, ռուսական ռազմաբազայի տեղակայման նշանակությանը, ինչպես նաև ռազմագերիների վերադարձի խնդրին:

Նրա խոսքով՝ իշխանությունները նպատակ ունեն Տիգրանաշենը ճանաչել որպես ապօրինի գույք և այն փոխանցել պետությանը։ Սակայն, ըստ Սամվել Կարապետյանի, իրենք թույլ չեն տա նման զարգացում։

«Մենք հիմա մշակում ենք բավականին լուրջ ծրագրեր, որպեսզի այդ գոտին դարձնենք թե՛ զբոսաշրջային կենտրոն, թե՛ հիմնենք տարբեր արտադրություններ, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա»,- նշել է կուսակցության առաջնորդը։

Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին՝ Կարապետյանը կարևորել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը։

«Եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերվի, անտեր կմնանք այս տարածաշրջանում։ Ռազմաբազա պետք է լինի․ եթե ռուսները չլինեն, թուրքերը կլինեն»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Սամվել Կարապետյանը քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։

«Այս իշխանությունները չունեն ո՛չ կամք, ո՛չ հնարավորություն գերիներին վերադարձնելու համար։ Նոր խնդիրներ չեն ցանկանում․ եթե այդ մարդիկ վերադառնան, շատ բան կկարողանան պատմել»,- նշել է նա։