Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան
08 Հուլիսի 2026, 21:15
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է հայտնի պրանկերների նոր սկանդալային ձայնագրությանը, որը վերաբերում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ զրույցին։ Ձայնագրությունում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զրուցել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար հետ։
«Գիտե՞ք՝ ով է Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Նա աշխարհում ամենաբարձր պաշտոնն ունեցող թուրք գործիչն է՝ ԵԱՀԿ ղեկավարը, որը նախկինում եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Այդ մարդը մշտապես հանդես է եկել հայկական բոլոր բանաձևերի և մեր երկրի զարգացմանն աջակցող ծրագրերի դեմ։ Եվ ահա, հայտնի պրանկերներն այսօր միջազգային սկանդալ են հրահրել՝ կապ հաստատելով նրա հետ և ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ», — նշել է Կարապետյանը։
Ըստ նրա՝ զրույցի ընթացքում թուրք պաշտոնյան ուղիղ հարց է ուղղել Հայաստանի ներքին գործերի, մասնավորապես՝ կաթողիկոսի վերաբերյալ։
«Այդ խոսակցության ժամանակ Սինիրլիօղլուն ուղիղ հարց է տվել Հայաստանի «վարչապետին»՝ հարցնելով, թե «կկարողանա՞ք կաթողիկոսին փոխել»։
Իր հերթին՝ որպես Փաշինյան ներկայացող անձը խնդրել է թուրք պաշտոնյայի աջակցությունը ներքաղաքական պայքարում. «Կօգնե՞ք մեզ Կարապետյանի աջակիցների դեմ պայքարում։ Միակ բանն, ինչ կարող եմ ձեզ խնդրել, ձեր օգնությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող սուր քննադատությանը»։ Ի պատասխան՝ թուրք գործիչն ասել է. «Այո՛, ես կանեմ հնարավոր ամեն ինչ, մենք կանենք այն, ինչ պետք է»», — մանրամասնել է Նարեկ Կարապետյանը։