Թուրքիան Արցախի նախագահի ընտրությունը «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ է համարել

09 Սեպտեմբերի 2023, 18:20

Քաղաքականություն

Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ շարունակում են միջազգային արձագանքներ ստացվել։

Թուրքիան Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ոչ լեգիտիմ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում ընտրությունների անցկացումը տարածաշրջանում իրավիճակը միակողմանիորեն լեգիտիմացնելուն ուղղված փորձ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին։

Անկարան դատապարտում է ընտրությունները, որոնք անցկացվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են շարունակել խաղաղ բանակցությունները և դրանք գնահատում է` որպես այդ բանակցությունները խաթարելուն ուղղված քայլ։ Թուրքիան չի ճանաչում այդ ոչ լեգիտիմ ընտրությունները, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում։