Թուրքիան չպետք է օգտագործի Լոս Անջելեսը քաղաքական օրակարգի համար․ Ադրին Նազարյան
25 Հունիսի 2026, 12:55
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության կողմից «Գրանդ Փարք» զբոսայգում տեղադրված ցուցանակին։
«Մենք՝ Լոս Անջելեսում, ուրախությամբ ողջունում ենք աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր ազգերին, որպեսզի նրանք աջակցեն իրենց թիմերին և վայելեն այն ամենը, ինչ առաջարկում է Լոս Անջելեսը։ Սակայն առնվազն մեկ այցելու չարաշահում է մեր հյուրընկալությունն՝ առաջ մղելով քաղաքական օրակարգ, որը զզվելի է մեր բնակչության մեծ հատվածի համար և պետք է անընդունելի լինի բոլոր այն ամերիկացիների համար, որոնք գնահատում են խաղաղությունն ու ժողովրդավարությունը։
Թուրքիայի Հանրապետությունը, վատ ճաշակի և առավել ևս՝ վատ վարքագծի ցնցող դրսևորմամբ, «Գրանդ Փարք»-ում՝ ուղիղ մեր քաղաքապետարանի դիմաց, տեղադրել է մեծ ցուցադրություն՝ զարդարված իր դրոշի արյան կարմիր գույնի պաստառներով և «Türkiye Is Here!» («Թուրքիան այստեղ է») գրությամբ։ Սա վիրավորական է բազմաթիվ պատճառներով։
Թուրքիան, որը լավագույն դեպքում երբեք չի եղել ավելին, քան փխրուն ժողովրդավարություն, կրկին վերադարձել է բռնապետության ուղի և վարում է ագրեսիվ արտաքին քաղաքականություն՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը։ Դա դրսևորվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող դաժան ագրեսիային ցուցաբերվող աջակցությամբ, ինչպես նաև Արցախի շարունակվող օկուպացիայի և հայ ռազմագերիների ապօրինի կալանքի միջոցով։
Էրդողանի բռնապետությունը շարունակում է դաժանորեն ճնշել քրդական բնակչությանը՝ նույնիսկ ժխտելով նրանց գոյությունը որպես ժողովուրդ։ Այն շարունակում է օկուպացնել Կիպրոսի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ ռազմական ուժով պահպանելով խամաճիկային վարչակարգ, որը չի ճանաչվում աշխարհի որևէ այլ պետության կողմից։
Թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել իր նախորդ վարչակարգի՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի պատմական իրականությունը։ Աշխարհը ցնցած այդ հանցագործության հետևանքով զոհվել է մոտ 1.5 միլիոն էթնիկ հայ, ինչպես նաև հույներ, ասորիներ և նրա իշխանության տակ գտնվող այլ քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներ։ Թուրքական իշխանությունները շարունակում են ժխտել այդ փաստերը և հետապնդել նրանց, որոնք համարձակվում են բարձրաձայնել ճշմարտությունը։
Բառերը նշանակություն ունեն։ Այն պետության համար, որը մինչ օրս ժխտում է ցեղասպանության փաստը, հայտարարել, թե «նրանք այստեղ են»՝ այն վայրում, որտեղ գտնվում է այդ ժողովրդի ամենամեծ սփյուռքներից մեկը, որի բնաջնջման փորձ է արվել, դառը հեգնանք է։
Խոսք Լոս Անջելես շրջանի վարչական շենքի մեր գործընկերներին, որոնք վերահսկում են «Գրանդ Փարք»-ը. դուք պետք է վերանայեք ձեր մոտեցումը ապագա համագործակցությունների նկատմամբ և թույլ չտաք, որ ձեզ օգտագործեն որպես խաղաքարտ օտար բռնապետության կողմից, որը հետապնդում է սեփական օրակարգը։
«Թուրքիան այստեղ է՞»։ Ոչ։ Այստեղ է Լոս Անջելես քաղաքը, և մենք ողջունում ենք ոչ թե ցեղասպանությունը ժխտողներին կամ անօրինական ագրեսիայի ջատագովներին, այլ մարզիկներին և նրանց աջակիցներին՝ որպես մեր հյուրերի։ Սակայն մեր հյուրերը պետք է իրենց բռնապետական քարոզչությունը թողնեն իրենց երկրում և հեռացնեն այն մեր այգուց»,- նշված է հայտարարությունում։