Թուրքիայի ազդեցության աճը Հարավային Կովկասում չի բխում Հայաստանի շահերից. Նելլի Մինասյան
20 Մայիսի 2026, 21:45
44-օրյա պատերազմից հետո Թուրքիան ավելացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մինչդեռ մի շարք պետություններ որոշակի հետընթաց են գրանցել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի ռազմավարական ուսումնասիրությունների, Հայաստանի և Չինաստանի, Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունների հետազոտական բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Նելլի Մինասյանը:
«Թուրքիայի ազդեցության ավելացումը Հարավային Կովկասում չի բխում Հայաստանի շահերից, քանի որ այն Հայաստանի համար դեռևս դիտարկվում է որպես հակառակորդ, թշնամի պետություն: Հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ, և ավելին՝ այն օգտագործում են որպես լծակ ՀՀ-ի նկատմամբ»,- ընդգծել է Միանսյանը:
Հարցին, թե արդյոք հնարավոր է առանց Ադրբեջանի առանձին կառուցել հարաբերություններ Թուրքիայի հետ, նա նշել է, որ դա ՀՀ-ի կողմից դիվանագիտական քայլ է, ինչպես նաև փորձ երկու պետությունների հետ առանձին հարաբերություններ կառուցելու։ Սա, ըստ նրա, նոր մոտեցում չէ, այն կիրառվել է դեռևս 1990-ականներից:
«Իմ կարծիքով՝ այդ երկու պետությունները շատ սերտ հարաբերություններ ունեն և, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ վարում են համակարգված ու կոորդինացված քաղաքականություն: Այս փուլում առանձին հարաբերություններ կառուցելը հնարավոր չէ, թեև դա մեզ համար քաղաքական գիծ է, և պետք է շարունակենք այն առաջ տանել»,-հավելել է Նելլի Մինասյանը: