Թուրքիայի և Հյուսիսային Սիրիայի խմբավորումների միջև կապերն ակնհայտ են. Ելենա Սուպոնինա
02 Դեկտեմբերի 2024, 23:46
Քաղաքագետ և արևելագետ Ելենա Սուպոնինան Alpha News-ին մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը։
Փորձագետի խոսքով՝ սիրիական բանակի խնդիրն է աստիճանաբար վերադարձնել այն բնակավայրերը, որոնք այս օրերին անցել են գրոհայիններին:
«Իրավիճակը Սիրիայում, իհարկե, տագնապալի է։ Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ զինյալները շատ արագ առաջ են շարժվել, և արդեն դուրս են եկել Իդլիբ նահանգի սահմաններից և գրավել Հալեպը։ Հասկանալի է, որ զինյալները վաղուց էին ծրագրել այս գործողությունը, հիմա իրենք են ասում, որ նախապատրաստությունը տևել է 2-3 ամիս։ Նրանք սպասեցին մինչև Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմի ավարտը, որպեսզի չմեղադրվեն իրենց գործունեությամբ Իսրայելի օգտին խաղալու մեջ։
Ուստի նրանք գործել են հիմա՝ օգտվելով մի շարք գործոններից, այդ թվում՝ այն հանգամանքից, որ Իսրայելի հետ հակամարտությունից հետո Սիրիայի կառավարության դաշնակիցները, ինչպիսիք են Իրանը և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը, փոքր-ինչ թուլացել են։ Գրոհայիններն, իմ կարծիքով, դժվար թե կարողանան առաջ շարժվել, քանի որ սիրիական բանակն, ուշքի գալով առաջին ցնցումից, այնուամենայնիվ, այժմ սկսել է դիմակայել այդ փորձերին։
Եվ հիմա սիրիական բանակի խնդիրն է աստիճանաբար վերադարձնել այն բնակավայրերը, որոնք այս օրերին անցել են գրոհայիններին։ Ասեմ, որ Համա նահանգում, դա անելը, հավանաբար, ավելի հեշտ կլինի, քան Իդլիբում, բայց նաև շատ բարդ խնդիր կլինի վերադարձնել Հալեպ քաղաքը։ Սա մեծ կորուստ է, նրա վերադարձը, անշուշտ, ժամանակ կպահանջի»,- ասել է Սուպոնինան։
Արևելագետի խոսքով՝ Մոսկվան այժմ Իրանի հետ համակարգում է իր ջանքերն՝ այդ հակամարտությանը քաղաքական հանգուցալուծում գտնելու համար:
«Ռուսաստանը կօգնի Սիրիայի կառավարությանը, բայց Ռուսաստանը չպետք է կատարի սիրիական բանակի պարտականությունները։ Դա պետք է օգնություն լինի այն շրջանակներում, որի մասին պայմանավորվել են Դամասկոսն ու Մոսկվան։ Դա փոքր օգնություն չէ, մեծ օգնություն է, բայց մնացածը սիրիացիներն իրենք պետք է անեն։
Մոսկվան այժմ Իրանի հետ համակարգում է իր ջանքերն՝ այս հակամարտության քաղաքական և դիվանագիտական հանգուցալուծում գտնելու համար, այլ ոչ թե ռազմական։ Մոսկվան կարծում է, որ Իրանն ու Թուրքիան պետք է շարունակեն բանակցությունները և փորձեն պայմանավորվել։ Թուրքերը հերքում են իրենց անմիջական մասնակցությունն այդ գործերին, սակայն Թուրքիայի և Սիրիայի հյուսիսում գտնվող խմբավորումների միջև կապերն ակնհայտ են»,- եզրափակել է Սուպոնինան։