Թուրքիայում դպրոցի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել․ մեկ երեխա զոհվել է, չորսը՝ վիրավորվել
22 Սեպտեմբերի 2026, 11:45
Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ երեխա զոհվել է, չորս մարդ՝ վիրավորվել, այդ թվում՝ աշակերտներ։ Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Հարձակվողը դիմել է փախուստի։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինված հարձակումը տեղի է ունեցել ժամը 08:00-ի սահմաններում՝ Թուրգութլու շրջանում գտնվող «Ինջի Ուզմեզ» լիցեյի շենքի դիմաց։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը դեռևս չպարզված պատճառով սկսել է անկանոն կրակոցներ արձակել ուսումնական հաստատության հարակից տարածքում։ Արդյունքում տուժել է հինգ մարդ, որոնց թվում՝ աշակերտներ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Հարձակումից հետո կրակողը դիմել է փախուստի։ Իրավապահ մարմինները նրա ձերբակալման ուղղությամբ գործողություն են սկսել։
Կրակոցների մասին տեղեկությունից հետո դպրոցի մոտ են ժամանել աշակերտների ծնողները։ Երբ նրանք փորձել են մուտք գործել դպրոցի տարածք նրանց և տարածքի անվտանգությունն ապահովող իրավապահների միջև բախում է տեղի ունեցել։
Ուսումնական հաստատության շրջակայքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, իսկ արտակարգ ծառայությունների աշխատանքը շարունակվում է։