Թուրքիայում Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել

15 Հուլիսի 2026, 10:50

Քաղաքականություն

«Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը քննող թուրքական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել՝ Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ըստ աղբյուրի՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը Նեթանյահուի և գործով անցնող այլ անձանց նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցի առգրավման մեղադրանքներով։

Ավելի վաղ դատարանը Ստամբուլի դատախազության կազմած մեղադրական եզրակացության հիման վրա քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և Իսրայելի 34 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Դատախազությունը նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում։

2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը Նեթանյահուի և Իսրայելի ղեկավարության նկատմամբ ձերբակալության օրդեր էր տվել՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեղադրանքներով։

«Սումուդ» նավատորմը միջազգային քաղաքացիական մարդասիրական նախաձեռնություն է, որը միավորում է տասնյակ երկրների ակտիվիստների, բժիշկների և կամավորների։ Նախաձեռնության կազմակերպիչների խոսքով՝ առաքելությունների նպատակն է ծովային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել անկլավում տիրող իրավիճակի ու Իսրայելի կողմից իրականացվող ծովային շրջափակման վրա։