Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

19 Հունիսի 2025, 13:01

Քաղաքականություն

Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ: Այս մասին «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հաստատել, որ Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա այդ երկրի նախագահի հրավերով:

«Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու», — լրագրողների հետ զրույցում ասել էր խորհրդարանի խոսնակը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն էլ երեկ հայտնել էր, որ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Թուրք պաշտոնյաի խոսքով՝ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։