Թուրքը չպետք է մեր արյամբ պահած հողում ապրի, չենք զիջելու, որ իրենց լծի տակ չապրենք. բաղանիսցիներ
03 Ապրիլի 2024, 20:00
Արյամբ իրենց սահմանները պաշտպանած բաղանիսցիները հակառակորդին զիջելու հող չունեն:
«Ժողովուրդը պատրաստ է գրոհի, եթե հանկարծ հողերը չափեն, անկախ նրանից՝ զենք ունեն, թե՝ ոչ: Ոչ մեկը չի զիջելու հողերը: Փաշինյաննն իր կնոջ հետ հանգստանա, այլ երկրներով ման գա ու մտածի, որ գյուղացիները հարի՞ֆ են, չէ: Որ թուրքերն եկան մեր հողերի բերանին կանգնեցին, մերոնք ի՞նչ պետք է անեն, ո՞նց պետք է հող մշակեն, ինչո՞վ ապրեն: Մարդիկ էդ հողով են ապրում, անասուն՝ պահում, ի՞նչ են անելու: Փաշինյանն ինչո՞վ է օգնում էս ժողովրդին»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Բաղանիս գյուղի բնակիչ Սուսաննա Բեգլարյանը:
Կնոջ խոսքով՝ 90-ականներին Բաղանիսում 8 զոհ է եղել, որոնցից 2-ը կանայք են եղել, զոհվել են տան մեջ: Տիկին Սուսաննան, որն այսօր երեք տղա թոռնիկ ունի, ասում է՝ անհրաժեշտության դեպքում ինքն էլ կկռվի:
«Որ իմ երեխաները թուրքի լծի տակ չհայտնվեն: Հնարավոր չէ թուրքի հետ հարեւանություն անել, թուրքը գա մեր արյամբ պահած հողում ապրի՞, ես չեմ տա, ես չեմ վախենում կռվից, կկռվեմ, էդ Փաշինյանն է, որ մեծ-մեծ խոսում է: Բա խի չի մի անգամ գալիս, տեսնի, լսի, թե ոնց ենք գիշերվա կրակոցների տակ քնում»,- ասում է կինը:
Բաղանիսցի 83-ամյա Ալվարդ Հակոբյանն էլ ասում է, եթե Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում, որոնք Տավուշի մարզի Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում են, Հայաստանն էլ թող նրանց կողմից օկուպացված իր հողերը պահանջի: Միակողմանի զիջումն անթույլատրելի է, ըստ տիկին Ալվարդի:
«Եթե նա մեզ տուպիկի մեջ է դնում, ուրեմն Փաշինյանն էլ թող մերը պահանջի: Եթե էդ 4 գյուղերըն ու Վերին Ոսկեպարը տա, ապա մենք շրջափակման մեջ կհայտնվենք: Շատ ահավոր վիճակ կլինի, թուրքի բերանի մեջ կհայտնվենք, ամեն վայրկյան թուրքը կարող է մտնել գյուղ ու վնաս տա մեզ»,- ասում է տիկին Ալվարդը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում: