Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո կնվազի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ. Բենիամին Պողոսյան
15 Հուլիսի 2024, 22:57
Լուրերը, թե Թրամփի դեմ մահափորձը ինչ-որ օտար պետությունների հատուկ ծառայությունների կողմից է կազմակերպված, այդքան էլ հավաստի չեն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «ARPI ARMENIA» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:
«Քիչ հավանական եմ համարում, որ Թրամփի դեմ կազմակերպված մահափորձում կար օտարերկրյա ուժերի ազդեցություն: Եթե հաշվի առնենք, թե ինչ բուռն է ընթանում ընտրապայքարը, ապա չէի զարմանա, եթե այս պարագայում երիտասարդը, որը կրակել է նախագահ Թրամփի վրա, պարզապես որոշել էր, որ ինքը պետք է ԱՄՆ-ն կամ Ամերիկայի ժողովրդին փրկի Թրամփից:
Գիտենք, թե ինչ մեղադրանքներ են հնչում Թրամփի հասցեին, որ եթե նա ընտրվի նախագահ, դա կլինի ժողովրդավարության վերջը: Հետևաբար, ինչքանով հնարավոր է գնահատականներ տալ՝ չունենալով հստակ տեղեկություններ, առավել ևս ոչ հրապարակային տեղեկություններ և ասել, որ մահափորձն ինչ-որ օտար պետությունների հատուկ ծառայությունների կողմից է կազմակերպված, այդքան էլ հավաստի չէ»,- կարծում է մեր զրուցակիցը:
Պողոսյանը մեկնաբանել է այն խոսակցությունները, թե իբր Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո Հարավային Կովկասի հանդեպ ուշադրությունը կնվազի։
«Կա ընկալում, որ եթե Թրամփը դառնա նախագահ, ապա Հարավային Կովկասը ինչ-որ չափով իր կարևորությունը ԱՄՆ-ի համար կկորցնի: Սա չի նշանակում, որ հիմա Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար շատ կարևոր տարածաշրջան է: Բայց ամեն դեպքում հավելյալ որոշակի կարևորության նվազում կարող է տեղի ունենալ:
Չի բացառվում, որ Միացյալ Նահանգներն այլևս չձեռնարկի այն ջանքերը, որ հիմա է ձեռնարկում Ադրբեջանի ու Հայաստանի համար՝ ստորագրելու ինչ-որ փաստաթուղթ, որն էլ, ԱՄՆ-ն երևի հույս ունի, որ կդառնա հիմք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման համար: Հնարավոր է այսքան ինտենսիվ ներգրավվածություն Միացյալ Նահանգների կողմից մենք չտեսնենք:
Հիմա տեսնում ենք, որ պետքարտուղարի մակարդակով լինում են զանգեր, պետքարտուղարը հյուրընկալում է երկու պետությունների արտգործնախարարներին: Այսինքն՝ այս ակտիվությունը կարող է նվազել»,- նկատել է փորձագետը:
Պողոսյանի համոզմամբ՝ Թրամփը գործում է միայն գհործարքների տեսանկյունից ու ավելի հակված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
«Քանի որ Թրամփը հակված է գործարքների և աշխարհաքաղաքականությունը կամ քաղաքականությունը դիտում է ավելի շատ բիզնես պրիզմայով, այսինքն՝ գործարքների կնքման տեսանկյունից, ապա նա կփորձի առաջ մղել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը՝ դա համարելով գործարք:
Այնպես որ չեմ բացառում, որ եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը նվազի, Թրամփը կփորձի հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն՝ առաջարկելով ստորագրել ինչ-որ գործարք»,- եզրափակել է Բենիամին Պողոսյանը: