Քրիստափոր Իվանյան․ Հայոց բանակում անգնահատելի ներդրում ունեցած Արցախի հերոսը

20 Դեկտեմբերի 2024, 23:41

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 20-ին Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է։

Ռազմական գործիչը ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից Իվանյանը մեկնել է ռազմաճակատ։ Երկու անգամ պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով, որը շնորհվել է ԽՍՀՄ պաշտպանության և պետական անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար։ 25 տարեկանում նա արդեն դարձել էր 128-րդ հետևակային դիվիզիայի հրետանու պետը։
Քրիստափոր Իվանյան պատերազմից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, իսկ 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։

Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելու ժամանակ Քրիստափոր Իվանյանը Լենինգրադից եկել է մարտական գոտի։

1992 թվականին Իվանյանն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանդիպում են, որից հետո միասին մեկնում են Արցախ։

1992-97-ին եղել է ԼՂ պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, ապաՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, զորամիավորման հրամանատար, ապա տեղակալ: Զգալի ավանդ ունի ԼՂՀ բանակային կառույցների ու ծառայությունների, հատկապես հրետանու կազմավորման, ուսումնական զորամասերի, կենտրոնների, հրաձգարանների և փորձադաշտերի ստեղծման աշխատանքներին: Ղեկավարել է հակառակորդի մի շարք կրակակետերի (Ստեփանակերտի հարակից շրջանների, Մարտունիի ևն) ճնշման ռազմական գործողությունները:

«Ես մնացի այստեղ, որպեսզի օգնեմ իմ ժողովրդին։ Որովհետև ես ստիպված էի այն փորձը, այն գիտելիքները, որ ունեմ նախկին Խորհրդային Միությունից, ոչ թե ինձ հետ թաղել, այլ թողնել իմ ժողովրդին։ Ի վերջո, ես հայ եմ և կոչումով մարդ, ով գիտի ռազմագիտություն։ Եվ Լենինգրադում ապրել հենց այնպես, կնոջս, թոռներիս հետ, ջերմության, բարեկեցության մեջ, ես պարզապես չէի ցանկանում», — պատմել է Իվանյանը հարցազրույցներից մեկում։

Քրիստափոր Իվանյանի ներդրումը հայոց բանակում անհավանական մեծ էր։ Մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ 2000 թվականին հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման։ Նույն թվականին նրա անունով է կոչվել Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը։

Քրիստոփոր Իվանյանը մահացել է 1999 թվականի օգոստոսի 30-ին։