Թրամփի նպատակը Հարավային Կովկասում ԱՄՆ շահերի առաջմղումն ու ՌԴ-ի դուրսմղումն է․ Նատալյա Ցվետկովա

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Նատալյա Ցվետկովան «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտափորձագիտական համաժողովի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի շահերն ու նպատակները Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Խոսելով ԱՄՆ-ի շահերի մասին՝ փորձագետը նշել է, որ Դոնալդ Թրամփի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնության ազդեցության դուրսմղումն է։

«Դոնալդ Թրամփի համար այժմ չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Մենք գիտենք, որ դա ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարությունում, և այդ մասին բազմիցս խոսվել է։ Սակայն ի՞նչ է թաքնված դրա հետևում։ Իրականում Թրամփը կնքում է տարբեր երկկողմ համաձայնագրեր՝ ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական։ Նրա նպատակն է, մի կողմից, առաջ մղել ԱՄՆ-ի շահերը, իսկ մյուս կողմից՝ դուրս մղել ՌԴ-ին։ Խոսքը ՌԴ-ի տնտեսական և ռազմական, ինչպես նաև Իրանի շահերի սահմանափակման մասին է։

Թրամփի նախագիծը և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև այս բոլոր համաձայնագրերի կնքումը, անկասկած, կապված են նավթի և գազի տարանցիկ երթուղիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հետ։ Սա նրա առաջնահերթություններից մեկն է։ Սակայն ամենակարևորն այն է, որ Թրամփը կարող է հետխորհրդային տարածքում իր ակտիվությունը օգտագործել որպես բանակցային ռեսուրս, եթե իսկապես մեկնարկեն Ուկրաինայի շուրջ լուրջ բանակցություններ։

Մի կողմից՝ Թրամփը Եվրոպային ասում է. «Զինվե՛ք ինքներդ, ինքներդ ֆինանսավորե՛ք ձեր անվտանգությունը, ավելացրե՛ք պաշտպանական ծախսերը»։ Սակայն, մյուս կողմից, նրա գործողությունները հետխորհրդային տարածքում՝ ՀՀ-ում, Ադրբեջանում և այլ երկրներում, ցույց են տալիս, որ նման երկկողմ համաձայնագրեր կնքելով՝ նա փաստացի աշխատում է ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման ուղղությամբ»,– ասել է Ցվետկովան։