«Թրամփի ուղի»-ն դարձել է «տրոյական ձի», որը խաթարում է Երևանի և Թեհրանի հարաբերությունները. Կոլչին

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին մեկնաբանել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացը, ինչպես նաև այն, թե Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։

Նրա խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները հիմնականում փակուղի են մտել։

«Ճնշման այն գործիքները, որոնք այդքան ակտիվորեն շրջանառվում և առաջ էին մղվում Թրամփի կողմից, չեն հասնում իրենց նպատակներին․ Իրանն իրեն զգում է ուժեղ, առաջ է տանում իր պահանջները և չի պատրաստվում զիջել։

Անշուշտ, արդեն հորիզոնում նշմարվում են հերթական սրման հեռանկարները։ Եվ այս համատեքստում ամենամեծ կորուստը կկրի այն երկիրը, որն առաջինը կբացի կրակը։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ երկիրը կարող է լինել ԱՄՆ-ը, քանի որ բազմիցս հենց Սպիտակ տունն է թույլատրել տարբեր արկածախնդիր գործողություններ»,- նշել է Կոլչինը։

Փորձագետի կարծիքով՝ «Թրամփի ուղի»-ն դարձել է «տրոյական ձի», որը Հայաստանը վերածում է անցումային տարածքի Ադրբեջանի և Թուրքիայի համար։

«Անկախ բանակցությունների արդյունքից և Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացումներից՝ Հայաստանը կանգնած է ռիսկերի առաջ․ նրա դիրքերը տարածաշրջանում թուլանում են։ «Թրամփի ուղի»-ն դարձել է «տրոյական ձի, որը խաթարում է Երևանի և Թեհրանի հարաբերությունները՝ Հայաստանը վերածելով անցումային տարածքի Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Այս պայմաններում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի ուժեղացումը կաշխատի Հայաստանի և հայ ժողովրդի շահերի դեմ։ Փաշինյանի դիվանագիտական գիծն այս համատեքստում հանգեցնում է միայն երկրի թուլացման»,- եզրափակել է Կոլչինը։