ԱՄՆ-ի օգնությունն այլ երկրներին կդադարեցվի․ Թրամփի ստորագրած առաջին հրամանագրերից
21 Հունվարի 2025, 11:50

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ 90 օրով դադարեցնելու այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան կայքը:
«Հրամայում եմ 90 օրով դադարեցնել ԱՄՆ-ից հատկացվող արտաքին օգնությունը՝ գնահատելու ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը», — ասված է փաստաթղթում:
Ինչպես նշվում է հրամանագրում, ԱՄՆ քաղաքականությունը կայանում է նրանում, որ հետագայում այլ երկրներին ոչ մի օգնություն չպետք է հատկացվի այնպես, որ դա լիովին չհամապատասխանի ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությանը:
«ԱՄՆ արտաքին օգնության արդյունաբերությունն ու բյուրոկրատիան չեն բխում ամերիկյան շահերից և շատ դեպքերում հակասում են ամերիկյան արժեքներին։ Դրանք ծառայում են ամբողջ աշխարհում խաղաղության ապակայունացմանը՝ օտար երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք հակադրվում են երկրների ներսում և նրանց միջև ներդաշնակ ու կայուն հարաբերություններին», — ընդգծվում է փաստաթղթում։