TRIPP նախագիծը Իրանի կոկորդին դրված դանակ է. Վիկտոր Լիտովկին
09 Նոյեմբերի 2026, 22:30
Քաղաքագետ, ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչպես կարող են փոխվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատների հաղթանակից հետո։ Նա անդրադարձել է նաև TRIPP նախագծի իրականացման հեռանկարներին։
«Կոնգրեսի ընտրությունները էականորեն չեն փոխի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Դրանք արդեն իսկ հնարավոր վատթարագույն վիճակում էին՝ չնչին վերապահումներով, և դրանից ավելի վատ չեն դառնա։ Այո՛, որոշակի դժվարություններ կլինեն, բայց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դրանք միշտ էլ եղել են, քանի որ Միացյալ Նահանգները մշտապես ձգտել է համաշխարհային գերիշխանության՝ հաստատելու իր գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ։ Դա նրանց երբեք չի հաջողվել, սակայն նրանք կշարունակեն այդ փորձերը», — նշել է փորձագետը։
Ըստ Լիտովկինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն դրանցից ոչ մեկը չի կատարել։
«Եվրոպայի նկատմամբ վերաբերմունքը պարզապես Թրամփի անձնական մոտեցումն է և որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Իսկ հիմա հիշենք, որ նա խոստացել էր վերականգնել Մոսկվայից Վաշինգտոն և Նյու Յորք ուղիղ չվերթները։ Որտե՞ղ են դրանք։ Թրամփը մտադիր էր վերադարձնել մեր դիվանագիտական սեփականությունը։ Վերադարձրե՞լ է։
Թրամփը խոստացել էր ավելացնել Վաշինգտոնում մեր դեսպանատան աշխատակիցների թիվը, ինչպես նաև հյուպատոսական բաժինների աշխատակիցների թիվը Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Չի արել։ Այնպես որ, խոսակցությունները, թե նա ցանկանում էր բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, միայն խոսակցություններ են․ այո՛, ցանկանում էր, բայց ոչինչ չարեց», -ընդգծել է Լիտովկինը։
Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, քաղաքագետը տարածաշրջանում այդ նախագծի իրականացման միակ խոչընդոտը համարում է Իրանին՝ համոզված լինելով, որ Թեհրանը թույլ չի տա կյանքի կոչել այդ ծրագիրը։
«TRIPP նախագիծն, անշուշտ, բխում է Միացյալ Նահանգների շահերից, և ԱՄՆ-ը փորձելու է առաջ մղել այն։ Սակայն կա Իրան, որի համար այս նախագիծը կոկորդին դրված դանակ է։ Հետևաբար Իրանը փորձելու է հակազդել այդ ծրագրին։ Իսկ քանի որ Իրանը իրեն հաղթող է զգում Թրամփի հետ պատերազմում, ապա, կարծում եմ, թույլ չի տա, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» գործի, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում հայտարարում են, թե այդ միջանցքով զենք չի տեղափոխվելու և այլն, և այլն։ Բայց ո՞վ կհավատա նրանց», — ընդգծել է քաղաքագետը։