TRIPP նախագիծը կարող է վերածվել չիրականացված երկարաժամկետ շինարարության․ Վլադիմիր Կիրեև

10 Նոյեմբերի 2026, 16:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում կայացած ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակի ազդեցությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, ինչպես նաև այն, թե դա ինչպես կանդրադառնաTRIPP նախագծի իրականացման վրա։

«Դեմոկրատները հավատարիմ են այն հին օրակարգին, որն ԱՄՆ-ում որդեգրվել է երկար տարիներ շարունակ։ Դա հակամարտության բարձր մակարդակի պահպանման և Ռուսաստանի մեկուսացմանն աջակցելու քաղաքականությունն է։ Դա կարտահայտվի նրանով, որ Թրամփի նոր քաղաքականությունը, որը միտված էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների երկարաժամկետ կարգավորմանը, կբախվի խոչընդոտների։

Թրամփի տեսանկյունից՝ այդ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ԱՄՆ պետականության երկարաժամկետ շահերի և աշխարհում բազմաթիվ գործընթացների կառավարման համար։ Սակայն Կոնգրեսում և Սենատում հաղթած դեմոկրատները հիմնականում հավատարիմ են հին օրակարգին և կխոչընդոտեն այդ քաղաքականության իրականացմանը։ Նրանք դեմ են հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին։

Սա նշանակում է լարվածության աճ, Թրամփի՝ հաշտեցմանն ուղղված նախաձեռնությունների խափանում և Ուկրաինայում հակամարտության շարունակմանն աջակցություն։ Խոսքը Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման մասին է, որպեսզի հակամարտությունը հնարավորինս երկար շարունակվի և, հնարավոր է, վերածվի ակտիվ փուլի՝ այսինքն՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ ռազմական գործողությունների»,- կարծում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը նաև կասկածի տակ է դրել TRIPP նախագծի իրականացումը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, այն կյանքի չի կոչվի։

«TRIPP նախագիծը Թրամփի անձնական նախաձեռնությունն է՝ Հարավային Կովկասում առկա անլուծելի խնդիրների գորդյան հանգույցը կտրելու համար։ Դա Թրամփի անձնական նախաձեռնությունն է, և դեմոկրատները չեն շարունակի այդ քաղաքականությունը։

Նրանց խոսքով կաջակցեն հարաբերությունների կարգավորմանը, բայց գործնականում դրա համար ոչ մի ռեսուրս չեն տրամադրի։ Այսինքն՝ ամեն ինչ կսահմանափակվի ընդհանուր հայտարարություններով, հումանիտար բնույթի որոշ այցերով և պատվիրակությունների փոխանակմամբ։

Փաստացի, Թրամփին բնորոշ արտակարգ մեթոդներով արագացված լուծման տարբերակը կհետաձգվի անորոշ ժամանակով։ Արդյունքում նախագիծը կարող է վերածվել չիրականացված երկարաժամկետ շինարարության»,- նշել է Կիրեևը։

Հիմա եթերում