Թշնամուց թաքուն մտա տուն ու այնտեղից «թանկարժեք» իրեր հանեցի |Արցախյան բռնագաղթ. վկայություններ #22

10 Նոյեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

44-օրյա պատերազմի հետեւանքով տունուտեղը կորցրած շուշեցի Նարինե Գրիգորյանի ընտանիքը երեք տարի անց էլ Ստեփանակերտում կորցրեց տունը: 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով Նարինեի ընտանիքը հարկադրված եղավ լքել նաեւ Ստեփանակերտի Կրկժան թաղամասում գտնվող իր տունը, որը ստացել էր 44-օրյա պատերազմից հետո:

Alpha News-ի հետ զրույցում Նարինեն պատմում է, որ Շուշիի իրենց տնից երեւում էին Սուրբ Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիները: Գրիգորյանները ցանկացել էին, որ Ստեփանակերտի նոր տնից երեւա Շուշիի պատկերը: Այդպես գոնե կարոտն էին առնում հայրենի քաղաքից:

«2020թ. պատերազմից հետո Արցախ վերադարձողներից առաջինը ես եմ եղել»,- ասում է Նարինեն ու պատմում, որ առաջնային նպատակը ոչ թե տուն ստանալն էր, այլ տարածք ձեռք բերելը, որտեղ կշարունակեր իր գործը. Նարինեն 44-օրյա պատերազմից առաջ աշխատում էր Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի նախադպրոցական բաժնում՝ որպես դասվար:

«Արցախ վերադառնալուց հետո ես մեր ղեկավարությանը տարածք ներկայացրեցի, ասացի, որ ուզում եմ շարունակել գործս, որպես Շուշիի ուսուցչուհի, ուզում էի, որ Շուշիի անունը պահպանվի: Ինձ համար կարեւոր էր աշխատել տեղահանված երեխաների հետ, որոնք ժամանակին տարհանվել էին Շուշիից, Հադրութից»,- պատմում է Նարինե Գրիգորյանը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ հարձակման ժամանակ Նարինեն աշխատավայրում էր: Նա հիշում է՝ շրջափակման պատճառով դասապրոցեսները կարճ էին տեւում՝ մինչեւ 12:30: Ծնողներն արդեն եկել էին երեխաների հետեւից, բայց չհասցրեցին դպրոցից դուրս գալ ու լսվեցին առաջին պայթյունի ձայները, որոնք այդպես էլ չդադարեցին ու բոլորը պատսպարվեցին դպրոցի նկուղում:

«Դպրոցում ահավոր վիճակ էր, իմ աղջիկն էլ ուրիշ դպրոցում էր սովորում, չգիտեի՝ ում մասին մտածել: Մինչեւ Արցախից դուրս գալը՝ սեպտեմբերի 25-ը, մենք նկուղում ենք մնացել, քանի որ մեր տունը թշնամու պոստերին շատ մոտ էր: Նկուղում էինք ապրում ոչ միայն մենք, այլեւ շրջաններից տարհանված մարդիկ: Ես ցերեկները զբաղվում էի երեխաների հետ, անորոշ վիճակ էր, տղամարդիկ դրսում հսկում էին, որովհետեւ թշնամին ամեն րոպե կարող էր մտնել քաղաք: Ես էդ օրերին հրադադար չեմ տեսել: Մի օր ուզեցա գնալ մեր տուն, բայց զինվորականները չթույլատրեցին, որովհետեւ թշնամու դիպուկահարները մեր վերեւը նստած էին, բայց ես տարածքին ծանոթ էի, անտառով թաքուն մտել եմ մեր տուն, որ գոնե Արցախի դրոշը, Աստվածաշունչը, Ղազանչեցոցի նկարը ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր հանեմ, որ գոնե էս անգամ որպես հուշ ինչ-որ բան ունենամ»,- ասում է Նարինե Գրիգորյանը:

Նարինեն ու 8-ամյա դուստրը ստիպված են եղել Արցախից դուրս գալ սեպտեմբերի 25-ին, երկու օր անց նրանք արդեն Երեւանում էին: Ընտանիքի մյուս անդամները Արցախը լքել են սեպտեմբերի 30-ին: Նարինեն պատմում է, որ Արցախի ներկայացուցչություն է գնացել, արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին խնդրել, որ թույլ տա Հայաստանից Արցախ գնացող ավտոբուսների վարորդների հետ ինքն էլ գնա Արցախ, բայց արտգործնախարարն անվտանգությունից ելնելով չի թույլատրել:

«Ուզում էի վերջին րոպեն էլ վայելել, հետո դուրս գալ: Ես հավատում եմ, որ Արցախը նորից հայկական է լիենլու: Այո, ես ուզում եմ վերադառնալ, բայց ոչ Ադրբեջանի կազմում, որովհետեւ մինչեւ արցախյան առաջին պատերազմը մենք ապրում էինք Ադրբեջանի վերահսկողության տակ: Մեր թաղամասում 1 հայի ընտանիք կար, ադրբեջանցու՝ 5: Այն ժամանակ մեր ոստիկանապետն ադրբեջանցի էր, միշտ գալիս էին ու ասում, որ դա իրենց տարածքն է, իրենց ճանապարհը եւ մենակ իրենք կարող են էդտեղով անցնել: Հայրս միշտ կռվում էր իրենց հետ, թե ով է ասել, որ ամեն ինչը ձերն է, իսկ երբ Բաքվից հայերն եկան, հորեղբայրս էլ էր եկել, ադրբեջանցիները գիշերով հավաքվել, հարձակվել են մեր տան վրա, հորեղբորս ծեծել են, փորձել վախեցնել, որ ինքն էլ մյուսների նման այլ երկիր գնա, բայց իրենց մոտ դա չի ստացվել, իրենք չեն կարողացել հորս հաղթել: Ես հիշում եմ, թե հայրս ոնց է ծեծել ադրբեջանցի ոստիկանապետին: Դա շատ լավ տպավորվել է ինձ մոտ: Բայց կրկնում եմ՝ Արցախ կգնամ, եթե նրանց կազմում չլինենք, որովհետեւ էն ժամանակ ուրիշ էր, իսկ հիմա լրիվ այլ ժամանակներ են»,- ասում է Նարինե Գրիգորյանը:

Նարինեն ընտանիքի հետ այժմ վարձով ապրում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Հայաստան տեղափոխվելուց հետո Նարինեն մտածել է ինչ-որ տարածք գտնել, որտեղ կշարունակեր Ստեփանակերտում կիսատ թողած գործը: Նախ դիմել է թաղապետարան, որ տարածք գտնի, բայց թաղապետարանից առայժմ ուղղություն ցույց չեն տվել: Ինքն իր միջոցներով տարածք է վարձակալել, որտեղ աշխատում է արցախցի փոքրիկների հետ:

«Աղջկաս դպրոց տանել-բերելու ճանապարհին տեսնում, լսում էի, թե ինչպես են դժվարանում արցախցի երեխաները: Ուզեցա օգնել նրանց, մի քանի օր է՝ տարածք եմ վարձակալել ու արցախցի բալիկների հետ եմ աշխատում, շատ լավ պատկերացնում եմ նրանց ապրումները: Առաջին օրը, որ մտան արցախցի բալիկները, ասացին, որ նման է Արցախի իրենց դասասենյակներին: Ես փորձել եմ Արցախի շունչը ստանալ նաեւ այստեղ: Հիմա 20 աշակերտ ունեմ, իհարկե, նրանցից ոչ մեկի հետ նախկինում չեմ աշխատել, իմ աշակերտները հիմա տարբեր տեղերում են: Բայց նպատակս միայն արցախցիների հետ աշխատելը չէ, ես կուզեմ նաեւ տեղացիների հետ աշխատել:»,- ասում է արցախցի կինը: 

Նարինեն հույս ունի, հավատում է, որ մի օր կրկին Արցախում է ապրելու, բայց մինչեւ այդ, ակնկալում է, որ Հայաստանում նրան պետությունը կօգնի տարածքի ահահովմամբ, եւ նա ստիպված չի լինի նաեւ դրա համար վարձ տալ, քանի որ ֆինանսական բեռը շատ ծանր է: