Թյուրքական օրակարգը սպասարկելու համար ամբողջ ուժերն են կենտրոնացնելու Սյունիքի ուղղությամբ. Վարուժան Գեղամյան

20 Սեպտեմբերի 2023, 22:07

Քաղաքականություն

Եթե մինչ այս պահը կես ուժերն էին կենտրոնացած Սյունիքի ուղղությամբ, հիմա ամբողջ ուժերն են կենտրոնացնելու՝ թյուրքական օրակարգը առաջ մղելու համար։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է թուրքագետ Վարուժամ Գեղամյանը։

«Եթե մինչ այս պահը կես ուժերն էին կենտրոնացած Սյունիքի ուղղությամբ, հիմա ամբողջ ուժերն են կենտրոնացնելու՝ թյուրքական օրակարգը առաջ մղելու համար։ Այս մասին խոսում, բարձրաձայնում ու ուղիղ տեքստով ասում են Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագույն ռազմական ներկայացուցիչները ու այդ երկրների ղեկավարները ՝պնդելով, որ իրենք ունեն մեծ հավակնություններ, քան սահմանված է Արցախյան հիմնահարցի շրջանակներում, իրենց ունեն տարածքային հավակնություններ ՀՀ նկատմամբ, դա բխում է նաև հատկապես տարածաշրջանային, աշխահաքաղաքական հետաքրքրություններից, որոնք ենթադրում են տարածաշրջանում հայկական քաղաքական գործոնի շարունակական թուլացում , որը նշանակում է հայկական պետության ոչնչացում»,- ասել է Գեղամյանը։

Թուրքագետի համոզմամբ՝ այն, ինչ անում է Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունը, հակաիրավական է, որովհետև ՀՀ-ն պաշտոնապես Արցախի անվտանգության երաշխավորն է։

«ՀՀ որևէ գործիչ իրավունք չունի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս։ Մենք ունենք 1992թ․ ԱԺ ընդունված որոշումը այդ առումով։ Այն հակասում է նաև ՀՀ Մայր օրենքին, որովհետև Սահմանադրության հիմքում ընկած Անկախության հռչակագիրը սահմանում է, որ մեր պետութայն իմաստը Արցախի վերամիավորումն է ՀՀ-ին։ Հետևաբար, նաև իրավական տեսանկյունից սա խախտում է ։ Ստեղծված իրավիճակը առաջին հերթին, գլխավորապես, այն բանի պատճառով է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո բաց տեքստով հրաժարվել է որևէ կերպ մասնակցել Արցախի ճակատագրի քննարկմանը՝ Արցախի հարցը քաղաքական խնդրից վերածելով սոցիալական խնդրի»,- ասել է Վարուժան Գեղամյանը։

Մեր բանախոսի պնդմամբ՝ եթե արցախյան հարցին նայում ենք ոչ թե առանձին վերցրած անհասկանալի պայմաններում ծագած ու ավարտված խնդրի, այլ նայում ենք ավելի լայն համատեքստում, տեսնում ենք, որ մենք չունենք առանձին վերցրած արցախյան հիմնահարց, ունենք հայ-թուրքական հակամարտություն տարածաշրջանում, որի մի հատվածը, կտորը այս պահին Արցախում է։ Դրանից առաջ, օրինակ, Կարսն էր, Նախիջևանը։