USAID-ն իր սև գործն արեց. հիմա ԱՄՆ-ն այն փոխարինելու է այլ գործիքներով. Հայկ Այվազյան

03 Փետրվարի 2025, 21:40

Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կայքի աշխատանքը դադարեցվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից օգնության ծրագրերի սառեցման ֆոնին:

Կայքն անջատել են շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, առանց բացատրության: Կոնգրեսում դեմոկրատները մտահոգված են, որ Թրամփը կարող է դադարեցնել USAID-ի աշխատանքը որպես անկախ գործակալություն և այն փոխանցել Պետդեպարտամենտին:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ:

«Եթե USAID-ն փակվեր 5 կամ 10 տարի առաջ, ես դա խիստ դրական կհամարեի: Բայց քանի որ հիմա է փակվում, նշանակում է՝ Հայաստանին այնքան հեռու են տարել, որ USAID-ի կարիքն այլևս չկա, որպես գործիք այն չի ծառայում այն նպատակին, որի համար ծառայում էր: Այսինքն՝ USAID-ն իր սև գործն արել է, հիմա ԱՄՆ-ը գտնում է, որ դա պետք է փոխարինվի այլ գործիքներով: Որևէ այլ բան տեղի չի ունենում, ուղղակի Ռուսաստանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները փոխում է իր գործիքակազմը»,- նշել է մեր զրուցակիցը:

Այվազյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ այլ գործիքներ է սկսելու կիրառել:

«Այսինքն՝ սա պայքար չի սորոսական շրջանակների դեմ, ո՛չ, ուղղակի ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ տակտիկա է փոխել, ինչը պահանջում էր նաև փոխել գործիքակազմը: Սրանով է պայմանավորված նաև USAID-ի փակվելը: Շատ հնարավոր է, որ USAID-ն իրոք տարիների ընթացքում «փողեր է կերել», կոռուպցիոն գործարքներ են եղել, բայց ինքը որպես աշխարհաքաղաքական գործիք, կարծում եմ, այլևս չի ծառայում ԱՄՆ-ին ու իրենք ուղղակի դա փոխում են, նոր գործիքներ են հորինելու Ռուսաստանի դեմ պայքարելու համար»,- եզրափակել է Հայկ Այվազյանը:

Հավելենք, որ իր երդմնակալության օրը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ավելի քան 40 հրամանագիր, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ միջազգային օգնության ծրագրերը 90 օրով սառեցնելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: