Վարչապետի հայտարարությունը իրավական իմաստ չունի,Արցախի իշխանությունները պետք է Արդարադատության դատարան դիմեն. Բալխեան
28 Մայիսի 2023, 14:40
Միջազգային իրավունքի համաձայն՝ Հայաստանի վարչապետը իրավասություն եւ լիազորություն չունի Արցախի Հանրապետության եւ ժողովրդի արտատարածքային ինքնորոշման իրավունքը ոտնահարել կամ հարցականի տակ դնել։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Արեւմտյան Ամերիկյաի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Սարգիս Բալխեանը։
«Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, ոչ թե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի դատավոր։ Երբ ինքը չունի իրավասություն եւ լիազորություն, բնականաբար, իր հայտարարությունը իրավական առումով իմաստ չունի։
Երբ խոսում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին, առաջին հերթին պետք է արձանագրենք, որ ինքնորշվել կարելի է մի քանի տարբերակով։
Հայ դատի գրասենյակը միշտ էլ պնդել է, որ ինքնորոշումը պետք է լինի արտատարածքային, այսինքն՝ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։
Հետեւաբար վարչապետի հայտարարությունը իրավական գետնի վրա իմաստ չունի։ Արցախի իշխանությունները պետք է ՄԱԿ-ի Արդարադատության դատարան դիմեն, եւ իրավարար վճիռ կայացվի»,- նշեց Սարգիս Բալխեանը։
Թեեւ միջազգային հանրությունը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին, այնուամենայնիվ Սարգիս Բալխեանը կարծում է, որ հնարավոր է կանխել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը։
«Ես Արցախի մեր հայրենակիցներից հասկացել եմ, որ պայքարելու են մինչեւ վերջ։
Եթե շրջափակման պայմաններում ապրող 120 000 հայությունը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ, ապա մենք Սփյուռքում կամ Հայաստանում ոչ մի բան չունենք անելո՞ւ, բնականաբար, մենք էլ պետք է պայքարենք, ճնշում գործադրենք այն երկրների վրա, որտեղ ապրում ենք։
Մեր հիմնական թիրախը ոչ թե Հայաստանի եւ Արցախի իշխանություններն են, այլ Ամերիկայի իշխանություններն են։ Մենք առավելագույն ձեւով փորձում ենք ճնշում գործադրել Ամերիկայի իշխող վարչակազմի վրա, որ իրենց վարած քաղաքականությունը փոխեն։
Հայ դատի գրասենյակը բազմիցս է հայտարարություններ արել հրապարակային, ներքին կարգով հսկայական աշխատանք է արվում Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար, որ հստակ քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ն»,- ընդգծեց Արեւմտյան Ամերիկյաի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը։
Նա հավելեց, որ Ադրբեջանը մտադիր է ցեղասպանություն կամ էլ էթնիկ զտումներ անել Արցախում, հետեւաբար արցախահայության անվտանգության ապահովումը ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլեւ այն համամարդկային խնդիր է եւ օրինակ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի իշխանությունները պետք է կանխարգելեն արցախահայության նկատմամբ հնարավոր ցեղասպանությունը։