Վարչապետը չհիշատակեց ո՛չ քաղաքական բանտարկյալներին, ո՛չ Բաքվում պահվող գերիներին․ Ամստերդամ
06 Մայիսի 2026, 17:48
Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը մնացել են ստվերում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորագույն խնդիրները շրջանցելու համար։
«Վարչապետը գեթ մեկ անգամ չհիշատակեց ոչ քաղաքական բանտարկյալներին, ոչ Բաքվում ահավոր պայմաններում պահվող գերիներին, կամ այն փաստը, որ այսօր Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետր բռնազավթված է։ Փոխարենը նա հաճոյախոսություններ փոխանակեց Ադրբեջանի հետ և խոսեց այնպես, ասես էական խնդիրներից որևէ մեկն անդրադարձի կարիք չունի։ Դրանից զատ, բոլորս տեղյակ ենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղում ոչնչացվում են եկեղեցիներ, բայց գեթ մեկ անգամ այդ հարցը չբարձրաձայնվեց, և չհիշատակվեցին քրիստոնյա հասարակության դեմ իրականացված հանցագործությունները»,– ընդգծել է փաստաբանը։