Վարդան Սարկիսով․ 20-րդ դարի ականավոր ճարտարապետի ուղին

08 Մարտի 2025, 22:10

Հայեր

Մարտի 8-ը հայ ճարտարապետ Վարդան Սարկիսովի ծննդյան օրն է:

Վարդան Սարկիսովը ծնվել է 1875 թվականին Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում, այնուհետև ուսումը շարունակել Թբիլիսիում, որտեղ 1894թ. գերազանցությամբ ավարտել է ռեալական դպրոցը: Դեռ պատանեկության տարիներին Սարկիսովը զբաղվել է նկարչությամբ, ինչպես նաև մեծ սեր էր տածում օպերային երաժշտության նկատմամբ։

Ավարտելուց հետո Սարկիսովն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ինժեներաշինարարական ինստիտուտ, որտեղ դարձել է մեկ այլ հայտնի հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևի համակուրսեցին։ Համալսարանն ավարտելուց հետո Վարդան Սարկիսովը մեկնել է Մոսկվա՝ գործնական փորձ ձեռք բերելու: 1907 թվականին նա տեղափոխվել է Բաքու, որտեղ անմիջապես նկատվել է նրա տաղանդը, և ճարտարապետը բազմաթիվ նախագծերի պատվերներ է ստացել։ Իր վաղ ստեղծագործություններում Վարդան Սարկիսովը նախապատվությունը տվել է մոդեռն ոճին, սակայն ժամանակի ընթացքում ճարտարապետական ոգեշնչումը նրան տարել է դեպի նեոկլասիցիզմ, որը որոշիչ է դարձել հասուն ստեղծագործության մեջ։

Նրա մանկավարժական գործունեությունը սկսվել է 1905-1906 թվականներին, և 1920-ական թվականներին, երբ Բաքվում բացվել է շինարարական ինստիտուտը, Սարկիսովը հրավիրվել է որպես դասախոս։ Նա երկար ժամանակ զբաղեցրել է դեկանի պաշտոնը, իսկ 1931 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1941 թվականին նրան շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ 1932 թվականին Սարկիսովը դարձել է Ադրբեջանի Ճարտարապետների միության նախագահ։

Վարդան Սարկիսովը նախագծել է․

-Մարդաքանի նավթ արտադրողների առողջարանի շենքը (1930), արական գիմնազիա,
-Կառույց Կրասնովոդսկայա փողոցում (1908, այժմ՝ Տորգովայա (Նիզամի) փողոց և Սամադ Վուրղուն պողոտայի խաչմերուկ. այս շենքը նաև այն վայրն է, որտեղ ծնվել է Լև Լանդաուն),
-Վերակառուցել է 1918 թվականի մարտի օրերին այրված Իսմայիլիի շենքը, Բաքվի հայ միլիոնատեր Միրզաբեկովի (Միրզաբեկյան) 7 հարկանի բնակարանը Իսթիգլալիաթ փողոցում (1908),
-Տիգրան Մելիքովի նստավայրը (Խագանի 27)։

Վարդան Սարկիսովը կյանքից հեռացել է 1955 թվականի մարտի 29-ին Բաքվում։ Նրա աճյունը հանգչում է քրիստոնեա-հրեական գերեզմանատանը, որը ոչնչացվել է 2007 թվականին Ադրբեջանի կառավարության որոշմամբ։