Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հարթել առկա խնդիրները և հասնել խաղաղության համաձայնագրի
22 Փետրվարի 2024, 12:06
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է, և երկու երկրների ղեկավարներին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նա կոչ է արել հարթել դեռևս առկա մի քանի խնդիրները։ Այս մասին հայտել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը մոտ է, և նա դա քննարկել է անմիջապես այդ երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել է նրանց համագործակցել՝ կամրջելու մնացած ընդամենը մի քանի հարցերը։ Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի», — ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Նա նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը Մյունխենի համաժողովի շրջանակներում։
«Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար», — նշել է Պետքարտուղարության խոսնակը։