Վախենում եմ, որ այդպես էլ կմնամ միայն ռուսական տիտղոսներով․ Ադելիա Պետրոսյան

29 Հունվարի 2025, 09:20

Սպորտ

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը վախենում է, որ միջազգային խոշոր մրցաշարերում հաջողության չի հասնի և հետք չի թողնի սպորտի միջազգային պատմության մեջ։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է 17-ամյա գեղասահորդուհին։

«Իմ մտքերն այժմ միջազգային մրցույթների մասին են, քանի որ հույս է առաջացել։ Միաժամանակ ես վախենում եմ, որ այդպես էլ կմնամ միայն ռուսական տիտղոսներով։ Իսկ եթե մարզավիճակս վատանա կամ ուղղակի հնարավորություն չունենամ հանդես գալու միջազգային մակարդակով, դա նշանակում է, որ սպորտի միջազգային պատմության մեջ ես չեմ լինի։ Կարծես ես երբեք չեմ եղել», — իր ապրումներով կիսվել է Ադելիա Պետրոսյանը։

Նշենք, որ Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հայտնել էր՝ ռուսաստանցի գեղասահորդները, չմշկորդները և շորտ-տրեկիստները 2026 թվականի օլիմպիական խաղերի ընտրական մրցումներին կմասնակցեն չեզոք կարգավիճակով: Օլիմպիական որակավորման մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերին Պեկինում, որտեղ յուրաքանչյուր մրցաձևում հանդես կգա մեկ ռուսաստանցի գեղասահորդ և մեկ զույգ: